Հեռավար աշխատանք Թվաբանություն 18․06

Ջոն Հոլթ ” Խաղեր և փորձեր”

1.Խմբագրել։

Տասնվեցամսական խելացի ու համարձակ Լիզան շատ տարօրինակ պսևդոլեզու է հորինել և ամբողջ ժամանակ օգտվում է դրանից: Որոշ հնչյուններ նորից ու նորից կրկնում է , կարծես թե դրանց տակ ինչ-որ բան նկատի ունենա: Նա սիրում է տարբեր իրերի ձեռք տալ և երկար զբաղվել դրանցով, զարմանալիորեն խելամիտ է. կարողանում է պտուտակներն ու այլ մանր առարկաներ հագցնել դրանց համար նախորոշված անցքերում: Գուցե փոքրիկ երեխաները այդքան էլ անճարակ չեն, որքան մենք ենք պատկերացնում:

Լիզայի սիրած խաղերից մեկը իմ գրպանից գնդիկավոր գրիչը հանելը, ապա դրա կափարիչը հագցնելն ու հանելն է: Դրա համար պահանջվում են որոշակի հմտություններ: Նա երբեք չի հոգնում այդ խաղից. գրիչը գրպանումս տեսնելով՝ անմիջապես ինձ հասկացնում է, թե ինչ է իրեն պետք: Նրանից ազատվելը անհնար է: Նա համառն է, և եթե ձևացնում եմ, որ չեմ հասկանում, թե ինչ է ուզում, իսկ դա ճիշտ չէ, նա տեսարան է սարքում: Եթե գիտեմ, որ գրիչն ինձ պետք է գալու, ապա ճարպիկ հնարք է, գրպանում մեկ ուրիշն էլ եմ ունենում:

Վերջերս նա դաշնամուր էր նվագում՝ երկու ձեռքերով ինչպես պատահի հարվածելով ստեղներին. նրան դուր եկավ, որ ստիպում է մեխանիզմին գործել ՝ ստեղծելով այդպիսի հետաքրքիր աղմուկ: Որպեսզի պարզեմ, թե կկրկնի արածս, սկսեցի ցուցամատով ստեղների վրայով այս ու այն կողմ անել: Նայելուց հետո ինքն էլ նույն բանն արեց:

Օգոստոսի 11,1960

Հնարավոր է, որ մանուկների ուշադրության տևողությունը այնքան էլ փոքր չէ, ինչքան մենք ենք կարծում:

Ինձ համար հիմա ծիծաղելի է հիշել, թե ես որքան էի ցնցվել, երբ իմացա, թե որքան խելացի, համբերատար, հմուտ ու ստեղծական են լինում փոքրիկ երեխաները, ինչքան շատ բան են կարողանում անել այն ամենից, ինչ, ինչպես հավաստում են մասնագետները, նրանք չեն կարող անել: Որ երեխաները խելացի են, նորություն չէ. երբեմն թվում է, թե երկրում եղած բոլոր հոգեբանների ուղիղ կեսը հակված է դեպի օրորոցները, և «բացահայտում է» այն, ինչ վաղուց հայտնի է սիրող ու դիտարկող մայրիկներին: Բայց 1960 թվականին լայն հասարակությանը դա դեռ հայտնի չէր:

Հուլիսի 24,1961

Այսօր առավոտյան Լիզան կռացել էր փուչիկը բարձրացնելու համար, բայց դռնից քամի չփեց և փուչիկը գլորեց հատակով: Նա նայում էր փուչիկին: Երբ այն կանգ առավ, Լիզան մոտեցավ ու փչեց, որ ստիպի փուչիկին գլորվելը շարունակել: Դա ինձ զարմացրեց: Կարո՞ղ են արդյոք այսքան փոքրիկ երեխաները առարկաներ շարժելու քամու ունակությունը կապել փչելով իրերը շարժել կարողանալու իրենց ընդունակության հետ: Ակնհայտորեն կարող են:

Սա ինձ համար լավագույն օրինակ է թվում այն վերացական մտածողության, որը, ինչպես կարծում են շատերը, իբր մինչև ինը-տասը տարեկան երեխաները չեն կարող ունենալ: Համարյա բոլոր երեխաներին դուր է գալիս, երբ դուք փչում եք նրանց ձեռքերին կամ մատներին՝ գլուխը շարժելով մի կողմից մյուսը: Նրանք ժպտում են և որոշ ժամանակ անց սկսում են ուսումնասիրել, թե որտեղից է սկիզբ առնում այդ խորհրդավոր հոսքը. նրանք փորձում են իրենց մատը խցկել ձեր բերանը: Նրանց հետաքրքիր է, երբ այդ նույն էֆեկտը ստեղծում եք հովհարի օգնությամբ, կամ մի կտոր ստվարաթղթով:

Հետո Լիզան սկսեց քայլել փուչիկի շուրջբոլորը՝ երգելով սեփական շուրջպարի երգը: Կատարմանը զուգընթաց նա փոխում էր երգը, մինչև որ ստացվեց բոլորովին ուրիշ մի երգ: Նրա ասածից, երգածից ու արածից շատ բան իրականացվում է այսկերպ. սկսում է մի բանից, աստիճանաբար փոխակերպվում մի ուրիշ բանի: Երաժիշտը դա կանվաներ թեմա վարիացիաներով: Շատ երեխաներ, որոնց ես գիտեմ, պաշտում են անվերջանալի պատմություններ պատմելը և անվերջանալի երգեր երգելը: Երբեմն երգում են այն մասին, թե իրենք ինչ են արել կամ ինչ կուզենան անել: Մի մայրիկ պատմում էր ինձ, որ իր չորս տարեկան որդին իր սենյակում երգ էր հորինում դպրոցում գտնվող յոթ տարեկան քրոջ մասին. «Ես կուզեի՝ որ քույր ունենայի, որը դպրոց չգնար, և ինչասեի՝ աներ…»: Հաճախ երգերն անիմաստ են՝ բառեր ու անիմաստ վանկեր. բայց երբեմն իմաստն ու անիմաստություններն իրար են խառնված: Շատ երեխաներին դուր է գալիս խաղալ մեծահասակների հետ, երբ ամեն մեկը հերթով ինչ-որ բան է ավելացնում երգին: Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Երևակայության աշխատանք է պահանջվում և’ բառերը, և’ երաժշտությունը միանգամից հորինելու համար, և սովորաբար ստացվում է մանկական թոթովանքի պես մի բան: Դրանք լավ խաղեր են, և մենք պետք է խրախուսենք դրանք, մասնակցենք դրանց ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:

Այլ խոսքով՝ իմպրովիզացիայի շնորհիվ գիտակցական վերահսկողությունը կարելի է տարբեր կերպ օգտագործել: Մի կողմից կարելի է ջանալ նվագել մեր գլխում հնչող սեփական կամ ուրիշի հորինած մեղեդիները: Մյուս կողմից էլ մենք կարող ենք լսել, թե մեր ձեռքերն իրենք իրենց ինչ են նվագում: Եվ միայն այն ժամանակ, երբ մեր ձեռքերն ու մատները կնվագեն նվազագույն գիտակցական վերահսկողության տակ, մենք կսկսենք իսկական իմպրովիզացիաներ անել և ամբողջովին կտիրապետենք գործիքին: Երեխաներն այդպես էլ անում են, երբ երգում են իրենց սքանչելի անվերջ երգերը: Նրանք սկզբում չեն լսում մեղեդին իրենց գլխում, հետո փորձում վերարտադրել: Նրանք պարզապես երգում են, ինչ կստացվի, կստացվի: Մենք պետք է խրախուսենք նրանց և ավելի շատ զբաղվեք հենց դրանով:

Հունիսի 25,1961

Հյուրասենյակից եկող ճիչերը ազդարարեցին Լիզայի և մասնավոր սեփականության միջև ծագած հերթական ընդհարման մասին: Նա հետաքրքրվում է այն ամենով, ինչ աչքին զարնում է, նա ուզում է նայել, շոշափել, քանդել, եթե կարող է: Բնական է, նա չի տարբերակում արժեքավոր, փխրուն կամ վտանգավոր իրերը: Տեսնելով, թե ինչպես եմ գրամեքենայի խրոցը հագցնում վարդակին, ինքն էլ ցանկացավ դա անել և վճռականորեն մերժեց բոլոր բառերն այն մասին, որ իրեն չի կարելի գործ ունենալ վարդակների հետ: Մի ուրիշ անգամ նա հաջողացրել էր բացել գազօջախի բոլոր վառիչները, բայց, բարեբախտաբար, հեռու էր եղել կրակից, երբ դրանք կպել էին : Դուրը չէր եկել, երբ իրեն արգելել էին գազօջախին մոտենալ: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու իրեն չի կարելի ձեռք տալ այն ամենին, ինչին մյուսները ձեռք են տալիս: Եթե իր է վերցնում, երբեք չի մտածում տեղը դնելու մասին, եթե անգամ հիշում է, թե որտեղ էր դրված:

Սա խնդիր է, և այդ խնդրի պարզ ու հեշտ լուծումը չկա: Ամեն օր մենք ասում ենք. «Ոչ, ոչ, ձեռք մի տուր, դա շատ տաք է, դա շատ սուր է, դա փշուր-փշուր կլինի, դա իմն է, դա ինձ հարկավոր է»: Բնական է, ամեն անգամ նա շրջապատող աշխարհը հետազոտելու իր իրավունքների և ձգտումների նկատմամբ ոտնձգություն է զգում: Բոլորը դրան ձեռք են տալիս, իսկ ինչո՞ւ ինձ չի կարելի: Հեշտ է հասկանալ, որ այսպիսի վերաբերմունքը կարող է կոտրել երեխայի հետաքրքրասիրությունը. նա կորոշի, որ աշխարհն այնքան էլ հետաքրքիր չէ, այլ լի է թաքուն վտանգներով ու գաղտնի փոսերով:

Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը՝ Լիզային տալով իր սեփական խաղալիքները և համոզելով հանգիստ թողնել մնացած իրերը: Դա այնքան էլ լավ չի գործում: Նախ և առաջ՝ խաղալիքները բավարար չափով հետաքրքիր չեն: Մյուս կողմից էլ նա չի հիշում, եթե անգամ ուզենա էլ, չի հիշի, թե ինչին կարող է ձեռք տալ, ինչին՝ ոչ: Առավել ևս, այն փաստը, որ մեծահասակները տանը օգտվում են ամենատարբեր իրերից, հենց դա նրանց այդքան հետաքրքիր է դարձնում: Ինչպես բոլոր երեխաները, Լիզան էլ ուզում է նմանվել մեծերին և անել այն, ինչ նրանք են անում: Երբ ամաններն են լվանում, նա ուզում է մասնակցել դրան: Երբ ուտելիք են պատրաստում, նա էլ է ուզում պատրաստել. լիմոնադ են պատրաստում, նա ուզում է օգնել: Այնքան էլ հեշտ չէ նրան մի ուրիշ գործի դնելը:

Չի կարելի չեզրակացնել, որ դպրոցական կրթության մեջ ինչ-որ շատ սխալ բան կա, եթե շարունակ անհանգստանալու ենք «մոտիվացիայի» մասին: Երեխան աշխարհում ամենից շատ ուզում է ճանաչել աշխարհը, ազատորեն տեղաշարժվել այնտեղ, անել այն, ինչ անում են մեծերը: Ինչո՞ւ չենք կարող ավելի լավ օգտագործել ընկալման ու ճանաչողության այդ ձգտումը: Մենք երեխաներին կարող ենք ցույց տալ ինչ-որ հմտությունների տիրապետող շատ մարդկանց, չնայած հետո դժվար կլինի, երբ այդ հմտությունները, ինչպես օրինակ՝ թվաբանության «տարրական» շատ հմտություններ, կիրառություն չեն գտնի կյանքում: Ո՞վ է իրական կյանքում մի կոտորակը մյուսի վրա բաժանելով զբաղվում:

Իսկ տանը այդ ժամանակ ձգտում ենք երեխաներից հեռու պահել արժեքավոր ու վտանգավոր առարկաները: Եվ միաժամանակ ձեռքի տակ պահում ենք շատ էժան ու դիմացկուն առարկաներ, որ երեխան դրանցով խաղա, և սարսափելի չլինի, եթե դրանք կոտրվեն: Տանը գուցե վատ չի լինի երեխային տնային կենցաղի մի քանի առարկաներ նվիրել՝ ձվի հարիչ, թավա, լուսամփոփ: Երեխայի կրթության համար հետո տասնյակ հազարավոր դոլլարներ ծախսող ընտանիքի համար իմաստ չունի վհատվելն ու երեխային վհատեցնելը, եթե նա քսանհինգ ցենտ արժողության ինչ-որ բան է կոտրել: Ես հաճախ եմ տեսել, թե խանութում կամ սուպերմարկետում, որտեղ շատ քիչ կարելի է ինչ-որ բան կոտրել, և որտեղ ինչ-որ բան հազիվ թե մի դոլլարից ավելին լինի, ինչպես են մարդիկ վրդովվում, որովհետև երեխան ձեռք է տալիս տարբեր իրերի: Իսկ ինչո՞ւ ոչ: Այդպես երեխաները ճանաչում են շրջապատը: Եթե նրանք իրերը տեղը չեն դնում, ապա դա դժվար չէ տեղափոխելը:

Հավանաբար սխալ է մտածել, որ փոքր երեխաները ամեն ինչ, ինչին դիպչում են, կոտրում են և այդ պատճառով էլ չպետք է ուրիշի իրերին ձեռք տան: Դա կործանում է նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը: Ավելին՝ դրա պատճառով նրանք չափից ավելի սեփականատիրաբար են վերաբերվում իրենց անձնական իրերին: Ես կարծում եմ, որ դրա փոխարեն մենք պետք է նրանց սովորեցնենք, որ սեփականությանը հարգանքով վերաբերվելը չի նշանակում ուրիշի իրերին երբևէ ձեռք չտալ, պարզապես պետք է իրերի հետ զգույշ վարվել, օգտագործել ըստ պահանջի և դնել տեղը: Երեխաներն ընդունակ են փայլուն կերպով յուրացնել դա. նրանք այդպես անընդունակ չեն, ինչպես մենք ենք կարծում: Եվ առարկաներից ճիշտ օգտվելը երեխաները կարող են սովորել դրանք օգտագործելով: Կրթության մեջ Մարիա Մոնթեսորիի արժեքավոր ծառայություններից մեկն այն է, որ նա ցույց է տվել, որ փոքր երեխաներին հեշտ է սովորեցնել ոչ միայն բուռն կերպով, այլև զգուշորեն և խնամքով գործել:

Հուլիսի 30, 1961

Փոքր երեխաները պաշտում են խաղալը և ցանկացած բան կարող են խաղի վերածել: Այսօր առավոտյան Լիզան ավագ քրոջ՝ Նելլի հետ անկողնում էր: Սկզբում Նելլը անջատում էր մահճակալի լույսը, իսկ Լիզան միացնում էր այն՝ ասելով. «Մի’ անջատիր»: Ավագ քույրը շատ դանդաղորեն ձեռքը մոտեցնում էր անջատիչին: Ամեն անգամ՝ նրա ձեռքի շարժումի հետ, Լիզան ասում էր. «Մի’ անջատիր»: Դա կարող էր շատ երկար շարունակվել: Վերջիվերջո լույսը պիտի անջատվեր: Եթե Լիզան միացներ, խաղը նորից պիտի սկսվեր:

Վախենամ, որ «կրթություն» բառի տակ մարդկանց մեծամասնությունը ինչ-որ ուրիշ բան է հասկանում: Նրանք կարծում են, թե դա նշանակում է երեխաներին ուղարկել դպրոց, որտեղ նրանց ստիպում են ինչ-որ բան սովորել, որը նրանք այնքան էլ չեն ուզում սովորել, ահաբեկել, որ նրանց համար վատ կլինի, եթե նրանք դա չանեն: Պարզ է, որ մարդկանց մեծամասնությանը այսպիսի խաղը դուր չի գալիս, և նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում այն դադարեցնում են:

Օգոստոսի 1,1961

Վերջերս Լիզան սկսել է կատաղություն խաղալ: Նա ատամներն է ցույց տալիս, մռնչում, հարձակվում վրաս: Ես ձևացնում եմ, թե վախենում եմ, թաքնվում աթոռի ետևում: Սա կարող է մի որոշ ժամանակ շարունակվել: Թվում է, որ այս և իր մյուս խաղերի ժամանակ նա զգում է, որ իր մեջ ինչ-որ «ես» կա, որն աճում է, պահանջում ընդունել իրեն, այս կամ այլ կերպ դրսևորում է իրեն: Ցանկացած խաղ, որն այդ «ես»-ը ավելի ուժեղ է դարձնում, լավ խաղ է: Ուրիշ ժամանակ նա բավականին լավ գիտի, թե որքան թույլ է այդ «ես»-ը:

Չնայած իր ողջ վայրագությանը, գոռոզությանն ու համառ անկախությանը՝ Լիզան հոգու խորքում բարի է ու սիրալիր: Նրա սիրած խաղերից մեկը «չես կարող» խաղն է: Երբեմն այն սկսվում է, երբ ես դռան ետևում եմ, իսկ Լիզան՝ սենյակում: Նա ասում է. «Չես կարող մտնել»: Ես սկսում եմ քաշել բռնակից: Լիզան ամբողջ ուժով քաշում է մյուս կողմից: Իբր թե հոգնելով՝ բաց եմ թողնում, և դուռը շրխկում է: Նա հաղթականորեն նայում է վրաս և նորից ասում. «Չես կարող մտնել»: . Սա կարող է հինգ-վեց անգամ կրկնվել: Բայց հետո նա միշտ ինձ թույլ է տալիս մտնել՝ շատ սիրալիր ասելով. «Մտի’ր, Ջոն»:

Մի առավոտ, լսելով, թե նա ինչպես է խոսում քրոջ հետ, սենյակ մտա: Կոկետորեն ինձ նայելով՝ ասաց. «Գնա’»: Ես հարցրի. «Ինչո՞ւ», և նա պատասխանեց. «Որովհետև»: «Որովհետև ի՞նչ»: «Պետք է»: «Բայց ես չեմ ուզում», – ասացի: «Դու պիտի», – համառորեն պատասխանեց նա: Կրկին հայտարարեցի, որ չեմ ուզում: Հետո տարօրինակ բան կատարվեց: «Դու չես կարող», – պատասխանեց նա: Նա անցում արեց պատասխանների այն մոդելին, որից սովորաբար օգտվում է ուրիշ իրավիճակում: Մոտավորապես նույն պահին ես դուրս եկա սենյակից: Մի ակնթարթից վերադարձա, և խաղը նորից սկսվեց: Այս անգամ՝ խաղը մի քանի անգամ կրկնելուց հետո, նա ասաց. «Մի’ գնա»: Երեխաները դեմ չեն թույլ տալու մեզ՝ մեծահասակներիս, հաղթել խաղում, եթե մենք իրենց հնարավորություն ենք տալիս մի քանի միավոր շահելու: Բայց մեծերի մեջ այնքան շատ են այնպիսիները, ովքեր ֆուտբոլային մարզիչների նման երբեք չեն բավարարվում սովորական հաղթանակով. նրանց հարկավոր է՝ ինչքան կարելի է ավելի շատ առաջ անցնել միավորներով:

Օգոստոսի 2, 1961

Մի անգամ գնացինք Կարլսբարդյան քարանձավներ՝ մի անսովոր ու գեղեցիկ վայր: Այնտեղ հասնելու համար հարկավոր է մեքենայով մի քանի ժամ գնալ: Ճանապարհին խաղում էինք: Երբ Լիզան ինձ էր նայում, սկսում էի ծափահարել ռադիոյից հնչող երաժշտության տակտին համապատասխան: Նա էլ սկսեց նույնը անել: Հետո սկսեցի ծափահարել ափով բռունցքին: Մի քիչ նայելով՝ նա երկու ձեռքերը բռունցք արեց, մի քիչ ծափահարեց, նորից նայեց, տեսավ, որ սխալ է անում և շուտով արեց այնպես, ինչպես ես: Սրանից սկիզբ առավ խաղերի մի ամբողջ շարք: Ես ձեռքով խփում էի գլխիս. նույնը և նա: Ես ձեռքիս ափով խփում էի փորիս, նա նույնպես: Ես խաղը բարդացրի: Մի ձեռքով խփում էի գլխիս, մյուսով՝ փորիս. կամ խփում էի գլխիս, իսկ մյուս ձեռքով բռնում խփող ձեռքիս արմունկը և այսպես շարունակ: Չափազանց հետաքրքիր էր տեսնել, թե նա ինչպես էր կրկնօրինակում ինձ: Ամեն անգամ նա սկսում էր գործել շատ արագ: Հետո համեմատում իմ արածի հետ: . Փոխում էր իր արարքները և նորից համեմատում, մինչև մենք երկուսս էլ նույն բանը անեինք: Դրանով հանդերձ՝ երկու պահ ինձ ապշեցրեց: Առաջին՝ նա չէր համարում, որ պետք է նախ ամեն ինչ ճիշտ ընկալի, նոր սկսի գործել: Նա ձգտում էր անհապաղ սկսել ինչ-որ բան անել, իսկ հետո մտածել, թե ինչպես կարգավորի իր գործողությունները: Երկրորդ՝ նա չէր բավարարվում ոչ ճիշտ նմանակմամբ և շարունակում էր համեմատել, մինչև համոզված էր լինում, որ ճիշտ է անում և այսպես շարունակ:

Տարիքով մեծ երեխան այս խաղը այլ կերպ կարող է խաղալ՝ հենց սկզբից ճիշտ նմանակելով: Նա մտովի ամեն ինչ կհաղթահարեր, մինչև իրականում կաներ: Կամ էլ իմ արարքները կփոխակերպեր բառերի և դրան համաձայն կսկսեր գործել: Բայց շատ փոքր երեխաները՝ համենայն դեպս՝ այս երեխան, այդպես չի գործում, նրանք չեն կարողանում երևակայության մեջ կատարել գործողությունը և մտովի շտկել այն: Նրանք նմանակում, համեմատում և շտկում են որոշակի կոնկրետ ֆիզիկական մակարդակի վրա և շարունակում են այն մինչև հաղթական ավարտը:

Օգոստոսի 3, 1961

Երեխաներն, ըստ երևույթին, վախերով չեն ծնվում: Այո’, կան որոշակի բաներ, որոնցից նրանք բնազդորեն վախենում են՝ բարձր ձայները, սատարելու բացակայությունը, բայց դրա փոխարեն շատ երեխաների դուր է գալիս, երբ իրենց օդ են նետում, կամ պտտում իրենց շուրջը: Շատ հնարավոր է, որ վախերի մեծ մասը երեխաներն ընդօրինակում են մեծերից:

Վախերի մեծ մասը, որ ընդօրինակում են երեխաները, ավելի նուրբ բնութի է: Նրանք հավաքում են դրանք քիչ-քիչ, փոքր չափաբաժիններով: Մի անգամ Լիզան խաղում էր էլեկտարական գրամեքենայով: Նա կարողանում է միացնել ու անջատել այն և վերադարձնել գրամենքենայի թմբուկը: Երբ նա տպում էր, պատահաբար երկու ձեռքերով կպավ ստեղներին: Մի քանի լծակներ տառերի հետ վեր թռան ու լռվեցին: Նա խոնարհվեց, որ դրանք անջատի իրարից: Ես վախեցա, որ այդ ընթացքում նա կարող է սեղմել ստեղները, այդ դեպքում մի ուրիշ տառ վեր կթռչի ու կհարվածի նրա մատիկներին : Ես վախենում էի նաև, որ արձակելով լծակները՝ նա կարող է դրանցից մի քանիսը ծռել: Այնպես որ ես նորից նրան ցույց տվի ինչպես անջատել մեքենան ու զգուշորեն հեռացնել լծակները:

Երեխաները, հատկապես փոքրերը, շատ զգայուն են զգացմունքների հանդեպ: Նրանք ոչ միայն որսում են այն ամենը, ինչ մենք զգում ենք, նրանք չափազանցնում են դրանք անհավատալի չափերով: Լիզան սկսում է լաց լինել, երբ իր փոքր եղբայրներից կամ քույրերից մեկը կռվում է կամ քաշքշում: Եթե անգամ նրանք ծիծաղելու համար խոսքակռիվ են տալիս, նա փորձում է նրանց բաժանել կամ պահանջում է, որ դադարեցնեն: Ես հաճախ եմ ուրիշ ընտանիքներում տեսել, թե ինչպես են երեխաները երկար ժամանակ դժբախտ լինում, եթե ծնողները կռվում են՝ չնայած փորձում են դա թաքցնել: Անգամ պարտադիր չէ, որ ծնողները լինեն: Մի անգամ ես բարեկամներիցս մեկի տանն էի, ում երեխաներին շատ սիրում եմ: Մոր հետ մենք սկսեցինք քաղաքականությունից վիճել: Չնայած վեճը թեժ էր, այն ոչ բարեկամական չէր. մենք սովորաբար իրար հետ միշտ գտնվում ենք բարիկադի նույն կողմում: Բայց անգամ դա երեխաների համար չափից ավելին էր: Նրանք շրջապատել էին մեզ՝ ասես առաջարկելով խոսել մի ուրիշ բանի մասին, և որպեսզի ամեն ինչ նորից խաղաղ ու լավ լինի:

Ուղղակի սուտ է, կամ ոչ միշտ է ճիշտ, որ փոքրիկները ապրումներ չունեն, որ նրանք չեն զգում այն, ինչ զգում են մյուսները: Անշուշտ, նրանք հաճախ իրար հանդեպ շատ դաժան են, բայց եթե նրանց կողքին նեղացած կամ դժբախտ երեխա կա, նրանք էլ դառնում են շատ դժբախտ: Եզակի երեխա է ընդունակ երկարատև ու կանխամտածված դաժանության, որն այդքան հաճախակի է պատահում մեծերի մոտ:

Իմ ամենավաղ հիշողություններից մեկը, չնայած կարող է, դա ինձ պարզապես պատմել են, այն է, երբ խաղալիս եմ եղել զբոսայգում ինձ տարեկից ընկերոջ հետ՝ երեք-չորս տարեկան, և նա խաղալիք բահով հարվածել է գլխիս: Մենք հանգիստ խաղում էինք. ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո ես այդպես էլ չհասկացա, թե ինչու նա ինձ հարվածեց: Գուցե դա էլ անհաղթահարելի ձգտում էր՝ տեսնելու, թե ինչ կլինի:

2. Հեղինակի պնդումները կատարած դիտարկումների հիման վրա։Օրինակներ

✓”Որպեսզի պարզեմ, թե կկրկնի արածս, սկսեցի ցուցամատով ստեղների վրայով այս ու այն կողմ անել: Նայելուց հետո ինքն էլ նույն բանն արեց”:

Այո, եթե ցանկանում ես փոքրիկ երեխան որևէ բան սովորի,իրեն պետք է ցույց տալ սեփական օրինակով։

Եթե երեխան ամեն օր տեսնում է ինչպես են տան անդամները տուն գալուն պես կոշիկները հանում և գնում լվացվում,ապա նաել նույնը կկրկնի։

✓”Գուցե փոքրիկ երեխաները այդքան էլ անճարակ չեն, որքան մենք ենք պատկերացնում”:

Կարծում եմ դա ծնողներն են ստեղծում։ Երեխան պիտի միշտ վստահ լինի ,որ իրեն ամեն դեպքում կպաշտպանեն ծնողները/դաստիարակը։

✓”Եթե գիտեմ, որ գրիչն ինձ պետք է գալու, ապա ճարպիկ հնարք է, գրպանում մեկ ուրիշն էլ եմ ունենում”:

Այո,պետք է ճարպիկ լինել,որպեսզի և երեխայի հետաքրքրությունը բավարարվի,և դրանից վնաս չլինի ոչ իր համար,ոչ էլ շրջապատողների համար:

✓”նրան ակնհայտորեն դուր էր գալիս այն, ինչ տեղի էր ունենում. ինչ-որ բան վեր էր թռչում և կտրուկ չրխկում՝ գործողության և շարժման տպավորություն թողնելով, ինչ-որ խորհրդավոր բան էր կատարվում մեքենայի մեջ, որը ինքն էր կյանքի կոչում”:

Երեխաներին (մեծահասակներին էլ) հաճույք է պարգևում կյանքի կոչել իրերին,անշունչ առարկաներին։Տեսնել գործողության արդյունքը:

✓”Հնարավոր է, որ մանուկների ուշադրության տևողությունը այնքան էլ փոքր չէ, ինչքան մենք ենք կարծում”:

Իրենք ուշադրություն են դարձնում ամեն մանրուքին, կարողանում են կարդալ աչքերը, խոսելու տոնը,ժեստերը։

✓”Իսկ ես ինչքա՜ն լավ գիտեմ, որ երեխաները տանել չեն կարողանում, եթե նրանց պահանջվածից ավելին ես օգնում”:

Քանի դեռ երեխան չի խնդրում օգնություն, պետք չի նրան խանգարել, իսկ երբ արդեն խնդրում է պետք օգնել միայն այն մասով,ինչը ինքնուրույն չի կարողանում կատարել։

✓”Որ երեխաները խելացի են, նորություն չէ. երբեմն թվում է, թե երկրում եղած բոլոր հոգեբանների ուղիղ կեսը հակված է դեպի օրորոցները, և «բացահայտում է» այն, ինչ վաղուց հայտնի է սիրող ու դիտարկող մայրիկներին: Բայց 1960 թվականին լայն հասարակությանը դա դեռ հայտնի չէր”:

Երբեմն էնպիսի մտքեր են արտահայտում,որ ապշում ես։

✓”Կարո՞ղ են արդյոք այսքան փոքրիկ երեխաները առարկաներ շարժելու քամու ունակությունը կապել փչելով իրերը շարժել կարողանալու իրենց ընդունակության հետ: Ակնհայտորեն կարող են”:

Խելացի և ընդունակ են ի սկզբանե, այ թե կզարգացնեն ընդունակությունները թե ոչ դա կախված է ծնողներից, պարտեզ/դպրոցից։

✓”Երևակայության աշխատանք է պահանջվում և’ բառերը, և’ երաժշտությունը միանգամից հորինելու համար, և սովորաբար ստացվում է մանկական թոթովանքի պես մի բան: Դրանք լավ խաղեր են, և մենք պետք է խրախուսենք դրանք, մասնակցենք դրանց ինչպես տանը, այնպես էլ դպրոցում”:

Այն,ինչի մեջ գործածվում է երևակայությունը երեխաների երջանկությունն է։ “Էմոցիոնալ խճանկար” նախագիծս վառ ապացույց է։

✓”իմպրովիզացիան ցանկացած երաժշտական հորինվածքի կենտրոնական մասն է և պետք է լինի ամենագլխավորը երաժշտության դասավանդման մեջ”։

Իմպրովիզացիոն մարդու կյանքում եթե անբաժան մասնիկն է’ ապա երջանիկ մարդ է։

✓”իմպրովիզացիայի շնորհիվ գիտակցական վերահսկողությունը կարելի է տարբեր կերպ օգտագործել: Մի կողմից կարելի է ջանալ նվագել մեր գլխում հնչող սեփական կամ ուրիշի հորինած մեղեդիները: Մյուս կողմից էլ մենք կարող ենք լսել, թե մեր ձեռքերն իրենք իրենց ինչ են նվագում: Եվ միայն այն ժամանակ, երբ մեր ձեռքերն ու մատները կնվագեն նվազագույն գիտակցական վերահսկողության տակ, մենք կսկսենք իսկական իմպրովիզացիաներ անել և ամբողջովին կտիրապետենք գործիքին: Երեխաներն այդպես էլ անում են, երբ երգում են իրենց սքանչելի անվերջ երգերը: Նրանք սկզբում չեն լսում մեղեդին իրենց գլխում, հետո փորձում վերարտադրել: Նրանք պարզապես երգում են, ինչ կստացվի, կստացվի: Մենք պետք է խրախուսենք նրանց և ավելի շատ զբաղվեք հենց դրանով”:

Երաժշտության մեջ մեծացած երեխան հանգիստ բնավորությամբ և նյարդերով է դառնում։

✓”Ամեն անգամ երեխան շրջապատող աշխարհը հետազոտելու իր իրավունքների և ձգտումների նկատմամբ ոտնձգություն է զգում: Բոլորը դրան ձեռք են տալիս, իսկ ինչո՞ւ ինձ չի կարելի: Հեշտ է հասկանալ, որ այսպիսի վերաբերմունքը կարող է կոտրել երեխայի հետաքրքրասիրությունը. նա կորոշի, որ աշխարհն այնքան էլ հետաքրքիր չէ, այլ լի է թաքուն վտանգներով ու գաղտնի փոսերով”:

“Հավանաբար սխալ է մտածել, որ փոքր երեխաները ամեն ինչ, ինչին դիպչում են, կոտրում են և այդ պատճառով էլ չպետք է ուրիշի իրերին ձեռք տան: Դա կործանում է նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը: Ավելին՝ դրա պատճառով նրանք չափից ավելի սեփականատիրաբար են վերաբերվում իրենց անձնական իրերին: Ես կարծում եմ, որ դրա փոխարեն մենք պետք է նրանց սովորեցնենք, որ սեփականությանը հարգանքով վերաբերվելը չի նշանակում ուրիշի իրերին երբևէ ձեռք չտալ, պարզապես պետք է իրերի հետ զգույշ վարվել, օգտագործել ըստ պահանջի և դնել տեղը: Երեխաներն ընդունակ են փայլուն կերպով յուրացնել դա. նրանք այդպես անընդունակ չեն, ինչպես մենք ենք կարծում: Եվ առարկաներից ճիշտ օգտվելը երեխաները կարող են սովորել դրանք օգտագործելով”:

Գործնականում համոզվել եմ,որ այս պնդումները ճիշտ են:

✓”Հավանաբար ի՜ նչ սքանչելի պիտի լինի երեխայի համար, խաղալով մեծահասակների հետ, իրեն ամենակարող զգալը, ինչ էլ որ ինքը անի և որքան ուզում է՝ երկար տևի”:

Այո,իմ երեխայի համար երջանկության չափ չի լինում,որ խաղում ենք միասին ու էական չէ թե ինչ ենք խաղում։

✓”Երեխաներն, ըստ երևույթին, վախերով չեն ծնվում: Այո’, կան որոշակի բաներ, որոնցից նրանք բնազդորեն վախենում են՝ բարձր ձայները, սատարելու բացակայությունը, բայց դրա փոխարեն շատ երեխաների դուր է գալիս, երբ իրենց օդ են նետում, կամ պտտում իրենց շուրջը: Շատ հնարավոր է, որ վախերի մեծ մասը երեխաներն ընդօրինակում են մեծերից”:

Համամիտ եմ, ես որպես ծնող ցույց չեմ տալիս այս կամ այն վախս,որպեսզի երեխայիս մոտ էլ չառաջանան։ Ունեմ ծանոթների վառ օրինակներ,երբ երեխան վախենում է շունիկից, միայն այն պատճառով որ մայրը վախ է ցուցաբերել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s