«Գրական ակումբ»-ի իմ ընտրանին

Ընտրանին կազմելուց մտածում եմ սովորողների գրականության ցանկն ընդլայնելու ևս մի հնարավորության մասին,չէ՞ որ իրենց խորհրդատուներն ենք դարձել։ Գրական ակումբին վաղուց էի ցանկանում անրադառնալ,սակայն ժամանակս միշտ քիչ էր․․․․Ընտանեկան դպրոցում ևս մի ձեռքբերում է այս հնարավորությունը։ Սիրելիներս, ձեզ եմ ներկայացնում Գրական ակումբի իմ առանձնացրած ստեղծագործությունները ձեզ համար։ Վստահ եմ, յուրաքանչյուրիդ ձեզ հոգեհարազատ տողեր,ստեղծագործություններ կգտնեք,որոնց մի շնչով կկարդաք։ Այն անընդհատ կհամալրվի,այնպես որ միշտ հետևեք,խոստանում եմ, չեք ձանձրանա։ Կարծում եմ լավ է,երբ գրական ակումբի մասնակիցներ են դառնում նաև սովորողները,ընտանիքները։

Ընթերցողը կարող է կիսվել իր մտքերով,կարծիքով,հավանած հատվածով։ Միասին զրուցենք,կիսվենք տպավորություններով․․․․

Սովորողների կազմած ընտրանուն կարող եք ծանոթանալ իրենց ուսումնական բլոգում՝

Անի Բարսեղյանի ամառային ճամբարի շրջանակում նախագիծը “գրական ակումբից” կարդացած ստեղծագործություններն են։

Իսկ այստեղ իմ կազմած ընտրանուն կարող եք ծանոթանալ՝

Քառասուն նամակ կնոջս։ Նադեր Էբրահիմի

․․․․․․Երեկ մայրամուտին նկատեցի նորից, որ տխրամած էիր ու ինքնամփոփ: Ես երբեք չեմ հերքում վշտի անհրաժեշտությունը, քանզի գիտեմ, որ ոչինչ այնպես չի մաքրազտում հոգին և այնպես չի հղկում զգացմունքների անդամանդը, ինչպես վիշտը, սակայն վշտին ասպարեզ տալն էլ չեմ ընդունում երբեք, որովհետև տխրությունն ագահ է, պահանջկոտ ու սահմաններ չճանաչող, խռովարար, անհնազանդ ու սանձակոտոր․․․․․

Գրողի խոստովանություն։ Վիլյամ Սարոյան

․․․․Եթե մի խմբագիր հավաներ պատմվածքս այնպես, ինչպես գրել էի, կարող էր գնել: Եթե պատվիրեր փոխել որոշ մասեր, չէի անի: Ոչ ոք չի պատվիրել: Մի խմբագիր կամայականություններ էր թույլ տվել Ծննդյան տոների առթիվ գրած մի կարճառոտ գործիս հանդեպ, և մի հեղինակ, որի խոհարարական գրքի համար նախաբան էի գրել անվճար, մի քանի տող էր ավելացրել` փորձելով ինձ հայրենասեր զինվոր ներկայացնել: Ես բողոքեցի խմբագրի և խոհարարական գրքի հեղինակի դեմ, բայց, իհարկե, վնասն արդեն կար․․․․․

Սարդոստայնը։ Ակուտագավա Րյունոսկե

․․․․Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ եւ հանկարծ ջրի հայելում տեսավ լոտոսի լայն տերեւների մեջ առկայծող այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքեւում, Լոտոսի լճակի հատակին․․․․

Կնամեծար զրույց։ Օկտավ Միրբո

․․․․․Մենակ մնալով` մարդը ձանձրանում է: Բայց Եհովան, ում այս ամենի մասին հաղորդել էին, խղճահարությամբ է լցվում  մարդու հանդեպ: Ու փնթփնթում է իր մռայլ բարությամբ․․․․

Աղե արձանը: Լեոպոլդո Լուգոնես

․․․․Մկրտել աղե արձանը, ազատել իր տառապանքից այդ շղթայված հոգին: Կարեկցանքը պահանջում էր, ողջախոհությունը` առարկում: Այս պայքարի մեջ անցան ամիսներ, մինչև որ, ի վերջո, վանականը մի հայտնություն ունեցավ: Երազում նրան մի հրեշտակ հայտնվեց ու հրամայեց գործն ի կատար ածել․․․․․

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

․․․․․․Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա։ Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել: Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում․․․․․

Անանձրև հուլիս։ Վանո Սիրադեղյան

․․․․․Ահա քանի օր դու արթնանում ու տեսնում ես՝ երկու կես ես: Մի կեսդ այստեղ՝ ութսուներկու թվականի հուլիսի վերջին օրերի մեջ կիսով քնում — կիսով զարթնում է, ոչ քնելուց է բան հասկանում, ոչ արթնանալուց և արյունը՝ ջուր, հոդերը՝ թույլ, բերանի մեջ՝ անհամություն — օրը տանում է որպես իշու բեռ, իսկ կեսդ այնտեղ՝ քսանհինգ տարվա ճանապարհ հեռու, ամառվա մի օր իմաստալից մի քայլ անելու ջանքով է լեցուն, բայց հավասարակշռությունը չկա կեսի մեջ: Բույրի զառամյալ հիշողությունը բերում- տանում է սեխի խաբուսիկ ծաղկահոտը, ձմերուկի խակահոտը, արև առած բազալտ քարի մետաղահոտը, բազալտին կառչած վայրի թզենու կծվահոտը, բեռնավտոյից խանութ կրվող հացի բուրմունքը… Բայց բույլի մեջ չեն ամբողջանում հոտ ու բուրմունք, բայց գույները լավ չեն կպչում հոտ ու բուրմունքին, բայց ծղրիդների ձայնը բնապատկերի վրա չի կախվում անլռելի, և պատկերը ջուրը ընկղմած ջրանկար է՝ երանգները հեղհեղուկ են, և տեսիլքը չի բևեռվում վայրկյանից ավելի և այդ շոգ օրը հա´ լուծվում է ինքը իր մեջ․․․․

Խառնարան — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու: Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)

․․․․«Կղանքն» այնչափ վտանգավոր չէ (գուցե նաև պիտանի է որոշ նպատակների համար), որքան դրանց վրա հավաքվող, համաճարակ հարուցող և տարածող, «ճանճերը», որոնք այնքան շատ են, որ դրանց դեմ անմիջական պայքարն անիմաստ է. միակ միջոցը շարունակում է մնալ «նորմալ կոյուղային համակարգը և բացառապես պետքարաններում կարիքը հոգալու մշակույթը»: Իսկ քանի դեռ այդպես չէ, ստիպված ենք գոյատևել համատարած «գարշահոտության» մեջ` «օծանելիքով» մեղմելով նողկանքը․․․․

Քաղաքի ամենագեղեցիկ կինը: Չարլզ Բուկովսկի

․․․․Մի քիչ գարեջուր ունեի, խմեցինք և սկսեցինք զրուցել: Այդ ժամանակ ես կարողացա նրան ճանաչել: Նա մի անհատականություն  էր` հոգատարությամբ և բարությամբ լի:  Իրեն ճանաչել տվեց, առանց գիտակցելու այդ մասին: Ժամանակ առ ժամանակ  հրաժարվում էր  վայրենությունից և անկապությունից: Շիզոֆրենիկ էր: Մի գեղեցիկ շիզոֆրենիկ: Վաղ թե ուշ նրան ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը կկործանի: Եվ հուսով եմ, դա ես չեմ լինի․․․․

Հանճարը։ Ռոբերտ Վալզեր

․․․․Հանճարը լայն ժպտաց՝ աչք շոյող ուտեստների բերումով, և ահա, պարզվում է, որ հանճարները կարող են նաև լայն ժպտալ․․․․

Երեք ինչու։ Ակուտագավա Րյունոսկե

․․․․․Սաբայի թագուհին գեղեցկուհի չէր, դե, նաեւ տարիքով էր գերազանցում Սողոմոնին: Բայց այդ կինն օժտված էր բացառիկ իմաստությամբ: Նրա հետ զրուցելիս Սողոմոնը զգում էր, թե ինչպես հիացմունքից սիրտը թրթռում է: Այդպիսի հրճվանք նա չէր ապրել նույնիսկ հմայատեսների եւ աստղաբաշխների հետ` նրանց գաղտնիքների մասին խորհրդածելիս: Այդպիսի զարմանալի կնոջ հետ, ինչպիսին Սաբայի թագուհին էր, Սողոմոնը պատրաստ էր խոսել եւ երկու անգամ, եւ երեք, եւ, ինչի մասին է խոսքը` ողջ կյանքում․․․․․

Տասը հնդկացիներ։ Էռնեստ Հեմինգուեյ

․․․․Առավոտյան ուժեղ քամի էր փչում․ ալիքները վազում էին դեպի ափը։ Եվ նա երկար ժամանակ արթուն պառկեց, մինչեւ հիշեց, որ իր սիրտը փշրված էր․․․․․

Ճանճը։ Քեթրին Մենսֆիլդ

․․․․Վեց տարի: Վեց տարի առաջ էր… Ժամանակն արագ է անցնում: Կարծես երեկ լիներ: Գլուխը զարմացած բարձրացրեց: Ինչ- որ բան էր կատարվում իր հետ: Չէր զգում այն, ինչ ուզում էր զգալ: Որոշեց նայել տղայի նկարին, այն ամենասիրելի նկարը չէր: Արհեստական կեցվածք ուներ, սառը, անգամ ջղային: Տղան երբեք այդպիսի տեսք չուներ․․․․․

Չեմպիոնը։ Էռնեստ Հեմինգուեյ

․․․․․Չեմ ուզում անքաղաքավարի երևալ, բայց նա ձեզ էստեղ տեսնելով կարող է էլի՛ իրեն կորցնել։ Հեչ չե՛մ ուզում նրան խփել, բայց դա նրան հանգստացնելու միակ ձևն է, երբ իրար է գալիս։ Ստիպված նրան մարդկանցից հեռու եմ պահում։ Դեմ չեք, չէ՞, որ հեռանաք, մի՛ստր Էդըմս․․․․

Բժիշկն ու իր կինը: Էռնեստ Հեմինգուեյ

….Բայց անտառահատները հնարավոր է երբեք էլ չգային դրանց ետեւից, քանի որ չարժեր մի քանի գերանի համար ողջ անձնակազմը ոտքի հանել։ Եթե ոչ ոք չգար տանելու, դրանք այդպես էլ կմնային ջրի մեջ ու կփտեին՝ ափին ընկած….

Մանկության հուշեր։ Ինգեր Էդելֆելդթ

……Նայում եմ մայրիկիս լուսանկարների ալբոմը, միշտ այնքան ապուշ տեսք ունեմ: Նա մի երեխա է գրկել և շատ հպարտ է: Երեխան ես եմ: Ինձնից հազարավոր նկարներ կան, ես՝ հրաշալի փոքրիկ շորերով, նվերներ ստանալիս…..

Ամենաանսպառ ժանրը։ Վիլյամ Սարոյան

….Պատմվածքն անվերջանալի բան է: Զարմանալի է, թե այդ անսահմանության ինչպիսի՜ փոքր մասնիկ է հաջողվել մինչև հիմա ցույց տալ գրողներին ընդհանրապես, և ձևերից ինչքան քիչն է մատչելի մի գրողի` սա վերաբերում է նաև ինձ, վերաբերում է ավելի, քան մեկ ուրիշին….

Օտար մի երկրում։ Էռնեստ Հեմինգուեյ

․․․․․Հիվանդանոցի շենքը շատ հին էր ու շատ գեղեցիկ, և մենք մտնում էինք մի դարպասից, անցնում բակի միջով, դուրս գալիս մյուսից՝ հակառակ կողմում։ Բակում գրեթե միշտ ականատես էինք լինում թաղման թափորի։ Հին շենքի ետևում կային նոր աղյուսե առանձնաշենքեր, և այնտեղ մենք հանդիպում էինք ամեն օր ու շատ սիրալիր էինք միմյանց հանդեպ․ իրար որպիսություն էինք հարցնում, հեծնում սարքերին, որոնց հետ այնքա՜ն հույսեր էինք կապում․․․․․

Սրնգի երազանքը։ Հերման Հեսսե

……Իմ սիրելի հայրիկը շատ բան չէր հասկանում երաժշտությունից: Նա գիտնական էր և մտածում էր՝ ես գործի կդնեմ գեղեցիկ սրինգը, և ամեն ինչ ինքնըստինքյան լավ կստացվի: Ես չէի ցանկանում կոտրել նրա հավատը, այդ պատճառով շնորհակալություն հայտնեցի նրան, սրինգը գրպանս դրեցի և հրաժեշտ տվեցի….

Փեսաս մի բեռ ցախ գողացավ: Վասիլի Շուկշին

․․․․․․․․․— Գրի, գրի, սովոր ձեռ ա, գրի։— Վենյան, ճշմարիտն ասած, մի քիչ վախեցավ։ Սատանան տանի դրան, շրջանի ամբողջ ղեկավարության հետ ծանոթ է։— Քեզ համար մարդ նստեցնելը՝ ոնց որ մի բաժակ ջուր խմես․․․․․․․․․․․․

Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

․․․․․Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով․․․․

Կոնֆուցիոս: Զրույցներ

․․․․․Ազնվական մարդը ամենից առաջ նա է, ով իր ուժերը նվիրաբերում է կյանքի հիմքերը ամրապնդելուն, քանզի եթե ամուր են հիմքերը, ապա կգտնվի նաև ճիշտ ճանապարհը․․․․․

Օմար Խայամ։ Գովք գինու և վայելքի

․․․․Մի՛ պահանջիր կյանքից շատ բան, ապրիր ուրախ, անկսկիծ,
Անկախ եղիր, ժամանակի բարիքից ու չարիքից,
Թող քո ձեռին լինեն գինին ու սիրունի վարսերը,
Թե չէ շուտով այս մի քանի օրն էլ կերթա մեր ձեռքից
․․․․․

Ցուրտ օրը։ Վիլյամ Սարոյան

․․․․․Սառչում եմ, ատամներս իրար են գալիս: Կուզեի իմանալ, թե դեմոկրատական կուսակցությունը երբևիցե ինչ է արել մրսող գրողների համար: Մնացած բոլորը ջերմություն ստանում են: Մենք ենք, որ կախյալ պիտի լինենք արևից, իսկ ձմռանն արևն անկախ է: Սա է դրությունս: Ուզում եմ գրել և ի վիճակի չեմ՝ ցրտի պատճառով․․․․

Ներսը և դուրսը։ Հերման Հեսսե

․․․․․․Սակայն, եթե ճշմարիտն ասելու լինենք, մինչև վերջին ժամանակներս իսկապես կրթյալ մարդկանց շրջաններում միայն շատ քչերն էին ծանոթ այդ նոր ուսմունքին, մի ուսմունք, որը եթե ծավալվեր և հզորանալու լիներ, հաստատապես կարելի է նկատել, որ երկրիս երեսին գոյություն ունեցող հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները կանգնեցնելու էր ոչնչացումի ու քաոսի վերածվելու սպառնալիքի առաջ․․․․

Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

․․․․․Ժամանակ առ ժամանակ Դեյվը, չորեքթաթ, շտկում էր ծղոտը։ Բանանի ծղոտ էր՝ խոնավ, գարշահոտ։ Երկուսով հազիվ էինք տեղավորվել արկղի մեջ, և եթե ծղոտը հարթ չէր փռվում, քարե կոշտերի պես անհանգստացնում էր․․․․

Ինչ-որ բան վերջացավ։ Էռնեստ Հեմինգուեյ

․․․․Բեռնված նավը դուրս եկավ ծովախորշից ուղղություն վերցնելով բաց լիճ՝ իր հետ տանելով երկու հսկա սղոցները, շարժական փոխադրիչը, որ թափով նետում էր գերանները պտտվող կլոր սղոցների վրա, ինչպես նաև՝ խիտ դարսված բոլոր սղոցներն ու անիվները, կաշեփոկերն ու մետաղական մասերը։ Նավի բաց ամբարը ծածկված էր պինդ կապկպված առագաստարձակներով, առագաստները փքվել էին քամուց, ու այսպես շարժվում էր նավը լայնահուն լճով՝ իր հետ տանելով այն ամենը, ինչը մի ժամանակ սղոցարանը սղոցարան էր դարձրել, իսկ Հորթընս Բեյը՝ քաղաք․․․․

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

․․․․Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա․․․․

Ճպուռն ու մրջյունը: Սոմերսեթ Մոեմ

․․․․․Իմ սովորածների մեջ էր «Ճպուռն ու մրջյունը», որի նպատակն է ապացուցելու երիտասարդությանը, որ այս կատարելությունից հեռու աշխարհում աշխատասիրությունը վարձատրվում է, իսկ թեթևամտությունը` պատժվում: Այս սքանչելի առակում (ներողություն եմ խնդրում այնպիսի մի բան պատմելու համար, որ ամեն մի կիրթ մարդ քիչ թե շատ գիտի) մրջյունը լարված ամառ է անցկացնում, հավաքելով իր ձմեռվա պաշարը, մինչդեռ ճպուռը նստած խոտի ցողունի վրա իր համար երգում է: Գալիս է ձմեռը, և մրջյունը բավականաչափ ապահովված է պաշարով, իսկ ճպուռի մառանը դատարկ է: Վերջինս գնում է մրջյունի մոտ և խնդրում է մի քիչ ուտելիք․․․․․․

Կատուն: Մերի Վիլկինս Ֆրիմեն

․․․․․Կատուն ապրում էր իր տիրոջ կառուցած տան մեջ, որն արտաքինից փոքր երեխայի ձեռքով կառուցած փայտաշեն տանը հատուկ կոպիտ տեսք ուներ, չնայած դիմացկուն էր։ Ձյունը ծանրորեն նստել էր տանիքի ցած թեքված հատվածում, սակայն այդտեղ չէր տեղավորվի։ Երկու պատուհաններն ու դուռը ամուր փակված էին, բայց Կատուն գիտեր ներս մտնելու ձևը․․․․․

Անծանոթ աղջիկը: Ռաբինդրանաթ Թագոր

․․․․․․Հիմա ես ութսունյոթ տարեկան եմ։ Իմ կյանքը հետաքրքիր է ոչ թե իր երկարատևությամբ ու առաքինությամբ, այլ մի իրադարձությամբ, որի մասին հիշողությունը առանձնապես թանկ է ինձ համար։ Այն իմ կյանքում նույնքան կարևոր դեր է խաղացել, որքան մեղուն ծաղկի կյանքում։
Իմ պատմությունը մեծ չէ, և ես կարճ կպատմեմ։ Նրանց, ովքեր հասկանում են, որ փոքրը դեռ չի նշանակում աննշան, պատմությունս անշուշտ դուր կգա
․․․․․

Գնացքները: Վիլյամ Սարոյան

․․․․․Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր․․․․․

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

․․․․Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս․․․․․

Ընկերների մեղքով: Վիլյամ Սարոյան

․․․․․Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է․․․․ 

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

….Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում….

Ճայերը: Իլիաս Վենեզիս

…..Ասես Աստված մոռացել էր նրան, երբ արարում էր ցամաքն ու ստեղծում ծովերը:
Բայց այս լերկ հողաշերտից ամառային օրերին կարող ես տեսնել, թե ինչպես է արևը սուզվում անծայրածիր ծովը: Այդ պահերին գունազարդվում են ջրերն ու փոփոխվում երանգները՝ անընդհատ, ամեն վայրկյան, կարծես հալելով մեղմ ալիքներում
….

Անձրևի հեքիաթը: Նադեր Էբրահիմի

․․․․․Մարդիկ հավատալիքներ ունեն: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Այդ մտքերն իրենց արմատներում վաղնջական Կենաց ծառին հասնող այնքան ժամանակ ու տարածություն ունեն, որ գուցե որևէ մեկն էլ չիմանա՝ դրանք արմատներ ունենան երկնքում:
Մենք չենք հավատում: Մեզ ընդհանրապես ձեռնտու չէ, որ այդ խոսքերին հավատանք: Բայց ի՞նչ կարելի է անել
․․․․․․

Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի

․․․Աղոթքը, որ անում եք դուք, անօգուտ է: Իսկական աղոթքը անսահման խոնջանք է: Ես երեկոյան հյուծված եմ լինում գործադրածս ջանքերից: Ու որքա՜ն ծանր է անմիջապես վերսկսելը աղոթելը արշալույսին, երբ հազիվ եմ արթնացել. այդ պահերին մահն ինձ նախընտրելի է թվում: Բայց հետո, ինձ ստիպում եմ ծնկի գալ: Դո՛ւ, Ջակոմո’, որ ծեր ես ու իմաստուն, պիտի իմանաս այդ բաները:
Այդ խոսքի վրա Ջակոմոն սկսեց երերալ. դժվար էր իր համար հավասարակշռությունը պահելը, ու տաք արցունքները ակոսեցին նրա մոխրագույն ճաքճքած երեսը
․․․

Մարիամ և Մարթա: Կարել Չապեկ

․․․․Ու ես սուսիկ֊փուսիկ ներս մտա սենյակ, որտեղ Նա նստել ու խոսում էր։ Մարիան նստել էր նրա ոտքերի մոտ, աչքը նրանից չէր կտրում… ― Մարթան չոր֊չոր ծիծաղեց։ ― Եվ մտածեցի, թե ինքս ինչ տեսք կունենայի, եթե այ այդպես աչքերս չռեի նրա վրա․․․․

Ծերունին և ծովը: Էռնեստ Հեմինգուեյ

․․․․Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման․․․․

Քնից առաջ: Էռնեստ Հեմինգուեյ

․․․․Քնել չէի ուզում, քանզի վաղուց այնպիսի միտք կար ուղեղիս մեջ, որ եթե խավարի մեջ աչքերս փակեմ ու հանկարծ դանթեմ, հոգիս մարմնիցս դուրս կլողա: Դա վաղուց էր սկսվել, այն գիշերից ի վեր, երբ ցնցում ստացա ու զգացի, թե ինչպես հոգիս դուրս թռավ, հեռացավ ինձնից ու կրկին ետ դարձավ: Փորձում էի չմտածել այդ մասին, սակայն այդ պահից սկսած, գիշերները, հենց որ նիրհում էի, այդ ամենը կրկին սկսվում էր, ու շատ մեծ ճիգ թափելուց հետո էր միայն դա ինձ հաջողվում: Հիմա արդեն գրեթե համոզված եմ, որ նման բան կարող էր և չլինել, բայց այն ժամանակ՝ ամռանը, մեջս ցանկություն էլ չկար ռիսկի դիմելու․․․․

ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան

․․․․Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն․․․․

Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան

․․․․Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը․․․․

Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր: Էռնեստ Հեմինգուեյ

․․․․․Երաժշտություն չե՛ս ուզում։ Անշուշտ, երաժշտություն չե՛ս ուզում։ Ո՛չ էլ կարող ես արժանապատվությամբ կանգնել բարի առջեւ, թեեւ այսքանն է տրված այս ժամերի՝ համար։ Ինչի՞ց էր վախենում։ Չէ՛, դա վախ կամ սարսափ չէ՛ր։ Դա մի ինչ֊որ ոչի՛նչ էր, ու ինքը դա լավ գիտեր։ Այդ ամենը լոկ մի ոչի՛նչ էր, ու մարդն էլ նույնպես՝ ոչի՛նչ։ Միայն դա՛ էր, որ կար, ու լույսի՛ կարիքը միայն ուներ տեղն այդ, ու մի իսկական մաքրություն եւ կարգ ու կանոն։ Ոմանք ապրել են դրա մեջ ու երբեք էլ չեն զգացել դա, բայց նա գիտեր, որ այդ ամենը nada y pues nada y nada y pues nada էր․․․․․

Օձը: Վիլյամ Սարոյան

 ․․․․Ձեռք տալ օձին նշանակում էր ձեռք տալ մարդկային մտքում թաքնված չգիտես ինչ գաղտնիքի, որ երբեք չպետք է լույս աշխարհ բերվի։ Մարդն ինքը մի ժամանակ այդ սահուն ողորկությունն էր և այդ ահավոր լռությունը, և հիմա, երբ մարդը հասել է իր այս վերջին ձևին, ահա դեռ օձերը սողում են երկրի վրա, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել․․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s