Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը

Բարի ընթերցում, հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am

Ամփոփման ժամանակահատվածը՝ 23․03-30․04

Նյութը վերցրել եմ ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կայքից։

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության արագ զարգացող ոլորտներից է: Չնայած զբոսաշրջության աճին և դրա բերած օգուտներին՝ այն նաև բացասական հետևանքներ ունի: Նախորդ վերլուծականներից մեկում արդեն անդրադարձել ենք զբոսաշրջության զարգացման միտումներին, ուստի այս վերլուծականում ամփոփ կանդրադառնանք զբոսաշրջության դրական և բացասական ազդեցություններին տնտեսության, շրջակա միջավայրի, սոցիալ-մշակութային պայմանների վրա:

Զբոսաշրջության հնարավոր դրական ազդեցություններից են.

· այն շատ երկրների համար եկամտի (նաև հարկային եկամտի) աղբյուր է,

· նպաստում է ներդրումների ներհոսքին,

· ունի բազմարկչի էֆեկտ,

· շատ երկրների ծառայությունների և արտահանման ծավալում մեծ կշիռ ունի,

· նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը,

· նպաստում է տնտեսության այլ ոլորտների և տարածաշրջանների համաչափ զարգացմանը,

· ստեղծում է աշխատատեղեր, նպաստում է աղքատության հաղթա­հար­մանը,

· նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը,

· նպաստում է միջմշակութային հաղորդակցմանը, և այլն:

Զբոսաշրջության հնարավոր բացասական ազդեցություններից են.

· կարող են վտանգվել էկոհամակարգերը,

· զբոսաշրջային վայրերում շատանում է մարդկանց թիվը՝ նպաստելով երթևեկության ավելացմանը, աղմուկի և աղտոտման մեծացմանը,

· ենթակառուցվածքները կենտրոնանում և զարգանում են զբոսաշրջային դեստինացիաներում,

· ճնշում է գործադրվում կոմունալ ենթակառուցվածքների վրա,

· կարող են վտանգվել համայքների ազգային ավանդական, մշակութային արժեքները,

· չի նպաստում սակավ ռեսուրսների՝ հողի և ջրի ռացիոնալ օգտագործմանը,

· զբոսաշրջությունը կարող է լինել ոչ կայուն եկամտի աղբյուր, օրինակ սեզոնային զբաղվածության դեպքում,

· նպաստում է օդի և շրջակա միջավայրի աղտոտմանը,

· ճնշում է գործադրում բնական ռեսուրսների վրա,

· նպաստում է կլիմայի փոփոխությանը (զբոսաշրջությունը ապահովում է ածխածնի երկօքսիդի (CO) համաշխարհային արտանետումների 5%-ը, որի շուրջ 70-75%-ը տրանսպորտի, իսկ 20-25%-ը հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության հետևանք է),

· կարող է աճել ահաբեկչության, հանցավորության, սեռական շահագործման մակարդակը, և այլն:

Զբոսաշրջության բացասական հետևանքները մեղմելու, կանխելու նպատակով շուրջ երկու տասնամյակ առաջ կիրառության մեջ մտավ կայուն զբոսաշրջություն հասկացությունը: Մինչ այդ կիրառվում էին տարբեր հասկացություններ՝ բնության զբոսաշրջության, կանաչ զբոսաշրջություն, էկոզբոսաշրջություն, փափուկ զբոսաշրջություն (Soft tourism), հավասարաչափ զբոսաշրջություն (Equitable tourism), պատասխանատու զբոսաշրջություն, որոնք իրենց նպատակներով ամբողջությամբ չեն արտացոլում կայուն զբոսաշրջության գաղափարը:

1987թ. ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաշխարհային հանձնաժողովը Brundtland-ի զեկույցում ընդունեց կայուն զարգացման հետևյալ սահմանումը. «Կայուն զարգացումը բավարարում է ներկա սերունդների կարիքները՝ առանց սահմանափակելու հաջորդ սերունդների կարողությունը՝ բավարարելու իրենց կարիքները»:

1992թ. Ռիո դե Ժանեյրոյում, հաշվի առնելով այս սահմանումը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում 179 երկրների համար որպես ընդհանուր բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ուղեցույց մշակվեց Agenda 21-ը: Այն բաղկացած է 4 մասից (Սոցիալական և տնտեսական ասպեկտներ, Ռեսուրսների պահպանում և ռացիոնալ օգտագործում զարգացման նպատակով, Բնակչության հիմնական խմբերի դերի ամրապնդում, Իրականացման միջոցներ) և ուղղված է շրջակա միջավայրի բարձր որակի և աշխարհի բոլոր ազգերի համար առողջ տնտեսության ապահովմանը:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կայուն զբոսաշրջությունը բնորոշում է որպես զբոսաշրջություն, որը լիովին հաշվի է առնում իր ներկա և ապագա տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները` հասցեագրելով այցելուների, արդյունաբերության, շրջակա միջավայրի և հյուրընկալող համայնքների կարիքները:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը և Շրջակա միջավայրի ծրագիրը մշակել են կայուն զբոսաշրջության 12 նպատակ՝ տնտեսական կենսունակություն, տեղական զարգացում, որակյալ զբաղվածության, սոցիալական հավասարություն, այցելուի բավարարվածություն, տեղական վերահսկողություն, համայնքի բարեկեցություն, մշակութային հարստություն, ֆիզիկական ամբողջություն, կենսաբազմազանություն, ռեսուրսների արդյունավետություն, բնապահպանական մաքրություն: Նշված նպատակների իրականացման համար ԶՀԿ-ն մշակել է հինգ հիմնասյուն՝ Զբոսաշրջության քաղաքականություն և կառավարում; Տնտեսական գործունեություն, ներդրումներ և մրցունակություն; Զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք և մարդկային կապիտալ; Աղքատության նվազեցում և սոցիալական ներառում; Շրջակա միջավայրի և մշակութային կայունություն:

Անշուշտ, զբոսաշրջությունը յուրաքանչյուր երկիրում ունի և´ դրական, և´ բացասական ազդեցություն: Ուստի կայուն զբոսաշրջության հայեցակարգի նեդրումը խիստ հրատապ խնդիր է ամբողջ աշխարհում:

Պետք է նշել, որ Հայաստանում ևս կայուն զբոսաշրջության զարգացումը խիստ կարևոր խնդիր է: Դեռևս 2008թ. ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում նշված է, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջության կայուն զարգացում: Կայուն զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զբոսաշրջային ուղղությունները զարգանում են հիմնականում զբոսաշրջային ռեսուրսների հիման վրա` բնական, պատմամշակութային, մարդկային, առանց որոնց պահպանության և վերարտադրության զարգացում ապահովել հնարավոր չէ:

Հայաստանում անհրաժեշտ է կայուն զբոսաշրջության զարգացման հայեցակարգի մշակում՝ հաշվի առնելով կայուն զբոսաշրջության վերոնշյալ 12 նպատակները և 5 հիմնասյուները, որի իրականացմանը պետք է լծվեն բոլոր շահագրգիռ կողմերը: Կայուն զբոսաշրջության իրականացման համար կարևոր է և´ պետության, և´ մասնավոր հատվածի, և´ տեղական համայքների, և´ զբոսաշրջիկների, և´ ոլորտի հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Կայուն զարգացման համար անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, կենսակերպի, վարքագծի, արմատացած արժեքային համակարգի փոփոխություն: Առաջնահերթ խնդիր է հասարակական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև էկոկրթության և կայուն զբոսաշրջության այլ ասպեկտների վերաբերյալ գիտելիքների ապահովումը: Զբոսաշրջային կազմակերպությունները պետք է ներդնեն կանաչ վկայականները կամ էկոպիտակները, օգտագործեն վերականգնվող էներգիայի աղբյուրներ, պետք է ապահովել կայուն աղբահանություն և աղբի վերամշակում, էլեկտրական կամ հիբրիդային տրանսպորտային միջոցների շահագործում, և այլնԿայուն զբոսաշրջության զարգացումը պետք է նպաստի երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական զարգացմանը: Այն պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տարածքային համաչափ տնտեսական զարգացմանը, ներդրումների իրականացմանը մարզերում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, բնության և շրջակա միջավայրի պահպանությանը, մշակութային արժեքների պահպանմանը, մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, համայքների զարգացմանը, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը, և այլն։ Ինչ խոսք, Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման վերլուծությունը բավականին լայնածավալ թեմա է՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, ուստի դրանց առավել հանգամանալից կանդրադառնանք հետագա վերլուծականներում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s