Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում. Ինչպիսի՞ն կլինեն ապագա զբոսաշրջիկները

Բարի ընթերցում, հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am

Ամփոփման ժամանակահատվածը՝ 1․04-30․04

Նյութը վերցրել եմ ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կայքից։

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտ­նե­րից է: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 1950թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 50 մլն, 2000թ.՝ 674 մլն, իսկ 2017թ.՝ 1326 մլն մարդ, ինչն ըստ կանխա­տե­սումների՝ 2030թ. կհասնի 1,8 միլիարդի:

Աղյուսակ 1. Զբոսաշրջիկների թիվն աշխարհում, 1995-2017թթ. (մլն մարդ)

2017թ. զբոսաշրջային ճանապարհորդությունների 57%-ը եղել է օդային հա­ղորդակցմամբ, 37%-ը՝ ավտոճանապարհային, 4%-ը՝ ջրային, 2%-ը՝ երկաթուղային:

2017թ. միջազգային զբոսաշրջիկների 55%-ի ճանապարհորդության նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 27%-ը ճամփորդել է հա­րա­զատ­նե­րին այցելության, առողջա­կան, կրոնական նպատակներով, 13%-ը՝ գործնական և 6%-ը՝ այլ նպատակ­ներով:

Միջազգային զբոսաշրջությունից ֆինանսական մուտքերն ունեցել են հետևյալ տեսքը.

Աղյուսակ 2. Միջազգային զբոսաշրջությունից ստացված ֆինանսական մուտքեր (մլրդ դոլար)

2017թ. առավել շատ զբոսաշրջիկներ ընդունել են Ֆրանսիան (86,9 մլն), Իսպանիան (81,8 մլն) և ԱՄՆ-ն (76,9 մլն), իսկ զբոսաշրջությունից ստացած ֆինան­սա­կան մուտքերով առաջատար է եղել ԱՄՆ-ն (210,7 մլրդ), այնուհետև Իսպանիան և ֆրանսիան (68 և 60,7 մլրդ դոլար):

Աղյուսակ 3. Միջազգային զբոսաշրջիկների և զբոսաշրջությունից ստացված ֆինանսական մուտքերով առաջատար երկրների տասնյակը

2017թ. զբոսաշրջության ուղղակի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 2570,1 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 3,2%-ը), համախառն ներդրումը՝ 8272,3 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 10,4%-ը): Զբոսաշրջությունն ուղղակիորեն ապահովել է 118.454.000 աշխատատեղ (ընդհանուր զբաղվածության 3,8%-ը):

Աղյուսակ 4. Համաշխարհային զբոսաշրջության որոշ ցուցանիշներ

2017թ. և 2018թ. զբոսաշրջային ճանապարհորդությունների միտումներն աշխարհում հետևյալն են.

· աճող չինական շուկա,
· թվային տեխնոլոգիաների օգտագործում ամրագրումների, տեղեկատվության որոնման և այլ նպատակներով,
· շոփինգ զբոսաշրջություն,
· միլիոնավոր միլենիալներ (1981թ.-ից հետո ծնվածներ կամ Y սերունդ, որոնց թիվը գե­րա­զանցում է 70 միլիոնը), որոնք հաջորդ տարիներին ևս կկազմեն ճանա­պար­հոր­դ­­­ների ամենամեծ շուկան,
· գործնական և ժամանցի այցեր (Bleisure Boom),
· արկածային զբոսաշրջություն (սաֆարիներ, արշավներ, հեծանվավազք),
· բժշկական զբոսաշրջություն,
· էկոզբոսաշրջություն,
· գաստրոնոմիական զբոսաշրջություն,
· միայնակ ճանապարհորդություններ, հատկապես կանանց կողմից կատարվող,
· պատասխանատու և կայուն զբոսաշրջություն:

2019թ. սպասվում են հետևյալ միտումները.

· կանաչ կամ էկոզբոսաշրջության աճ,
· զանգվածային զբոսաշրջությունից խուսափելու նպատակով այցեր ավելի փոքր, քիչ այցելվող քաղաքներ,
· գաստրո և գինու տուրեր,
· այցելություն ձմեռային կուրորտներ,
· արկածային զբոսաշրջության աճ,
· առողջարանային զբոսաշրջություն հանքային ջրերով հարուստ կուրորտներ,
· պատմամշակութային զբոսաշրջություն,
· միայնակ զբոսաշրջության շարունակական աճ,
· հետաքրքության մեծացում սառցե, ստորջրյա, ծառերի վրա, քարանձավների մեջ, բնության գրկում գտնվող հյուրանոցների նկատմամբ,
· Մետաքսի ճանապարհի երկրներում զբոսաշրջության ակտիվացում:

Amadeus ընկերությունը իր հետազոտությունների արդյունքում կանխատեսել է ապագա զբոսաշրջիկների հիմնական պարամետրերը: Ըստ այդմ՝ 2020թ. զբոսաշրջիկ­ների հիմնական բնութագրերը կլինեն.

  • Ակտիվ մեծահասակներ, որոնք թոշակի տարիքի առողջ և ակտիվ մարդիկ են, ունեն որոշակի եկամուտ և ճանապարհորդում են հանգստի նպատակով,
  • Գլոբալ կլաններ – կապված միգրացիայի մեծ տեմպերի հետ՝ շատ մարդիկ են ճամփորդում միայնակ կամ ընտանիքով՝ ընտանիքի մյուս անդամներին այցելելու նպատակով,
  • Կոսմոպոլիտ ուղևորներ – Շատ մեծ թվով մարդիկ են ապրում և աշխատում տարբեր վայրերում, որոնք օգտվելով ճանապարհածախսի զեղչերից, կարողանում են ճամփորդել,
  • Գլոբալ ղեկավարներ – Բարձր պաշտոններ ունեցող ղեկավարներ, որոնք կատարում են գործնական այցեր՝ ճամփորդելով բիզնես դասով:

2030թ. զբոսաշրջիկների հիմնական բնութագրերը կլինեն.

  • Պարզություն փնտրողներ, որոնք արժեքից ավելի բարձր են գնահատում իրենց ճամ­փորդության պլանավորման հեշտությունը, ուստի դա վստահում են մասնագետ­ներին՝ խուսափելով ինքնուրույն փնտրել տեղեկատվություն զբոսաշրջային հնա­րա­վոր դեստինացիաների մասին,
  • Մշակութային զբոսաշրջիկներ, որոնք ուզում են կտրվել տանից և ներգրավվել այլ ապրելակերպի մեջ,
  • Սոցիալական կապիտալ փնտրողներ, որոնք ճամփորդությունից ուզում են քաղել առավելագույն սոցիալական պարգև, մեծ փորձառություն, արկածներ,
  • Պարգև որսացողներ, որոնք շքեղ ճանապարհորդներն են, և ամբողջ կյանքում կա­տար­ված աշխատանքային ներդրումների դիմաց ցանկանում են ֆիզիկական և մտավոր հանգիստ, բացառիկ փորձառություններ,
  • Պարտավորություն ունեցողներ, որոնք հիմնականում գործնական զբոսաշրջիկներն են և պարտավոր են լինել որոշակի վայրում, որոշակի ժամանակահատվածում,
  • Էթիկական զբոսաշրջիկներ, որոնք գիտակցում են իրենց ճամփորդության բնա­պահ­պանական, տնտեսական և սոցիալական հետևանքները:

Անդրադառնանք նաև ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման միտումներին: Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2017թ. ՀՀ է ժամանել 1.494.779 զբոսաշրջիկ, իսկ ՀՀ-ից մեկնել է 1.481.755 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ ժամանողների թիվն աճել է 18.7%-ով: 2017թ. զբոսաշրջիկների թվի հիմնական աճ ապահովել են ՌԴ-ն, Վրաս­տանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան:

Գծապատկեր 1. ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թիվը, 2009-2017թթ.

2017թ. ՀՀ ժամանած զբոսաշրջիկներից 264702-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որոնց 52,8%-ն այցելել է հանգստի և ժամանցի նպատակով, 23,9%-ը՝ գործնական, 0,2%-ը բուժման, 23,1%-ը՝ այլ նպատակներով:

2018թ. սեպտեմբերին Bloomberg-ը Հայաստանը ներառել է Եվրոպայի ամենա­արագ աճող զբոսաշրջային ուղղությունների տասնյակում (10-րդ հորիզոնականում): Նշվել է, որ զբոսաշրջիկները կարող են այցելել հմայիչ մայրաքաղաք Երևան, ծանոթանալ տեղական ավանդույթներին՝ այցելել կոնյակի գործարաններ, գորգագործներին, լսել հոգևոր երգեր հին վանքերում և սովորել լավաշ թխել:

Հաշվի առնելով համաշխարհային միտումները և Հայաստանի նկատմամբ հե­տաքրքութ­յան մեծացումը՝ կարող ենք ասել, որ ապագա տարիներին Հայաստանի զբո­սաշրջութ­յան զարգացման միտումներ կլինեն՝ էկոզբոսաշրջությունը, պատմամշակութային և կրոնական, արկածային զբոսաշրջությունը, գաստրո և գինու տուրերը: Զարգացման մեծ հե­ռանկար­ներ ունեն նաև բժշկական և գործարար զբոսաշրջությունը: Հայաստանը կշա­րու­նակի գրավել չինացի զբոսաշրջիկներին (որոնք ճիշտ մարքեթինգային միջոցա­ռում­ների արդյունքում կարող են հետաքրքվել նաև մեր հեղափոխական զբոսաշրջությամբ): Զբոսաշրջիկներն առավել սիրում են հայկական հյուրընկալությունը, հայկական խոհա­նոցը, համեմատաբար մատչելի գները, հրաշալի բնությունը: Նրանց Հայաստանը գրավում է որպես ոչ զանգվածային զբոսաշրջային դեստինացիա: Մեծահասակ զբոսաշրջիկներն առավելապես հետաքրքվում են պատմամշակութային և կրոնական տուրերով, իսկ երիտասարդները՝ արկածային։ Ուստի ենթակառուցվածքների, ծառայությունների որակի բարելավման, օդային հաղորդակցության դյուրինացման և մատչելիության ապահովման, ակտիվ և շարունակական նպատակային մարքեթինգային միջոցառում­ների իրակա­նաց­ման պարագայում Հայաստանը առաջիկա տարիներին պահանջ­ված զբո­սաշրջային դես­տի­նա­ցիաներից մեկը կլինի աշխարհում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s