Կազմակերպչի օրագիր. Մարտ-ապրիլ ընտանեկան դպրոցի ամփոփում

Ողջու~յն, սիրելի ընթերցող։ Դու նորից կարդում ես իմ գիրը, բայց այս անգամ կներկայացնեմ միանգամից երկու ամսվա ամփոփումը։ Գրառումս նվիրված է ընտանիքին`և՛ իմ, և՛ քո։ Այո, բոլորիս ընտանիքներին, քանի որ սովորում ենք սովորել ընտանեկան դպրոցում։ Այս դեպքում չկա ուսուցիչ, բոլորս սովորողներ ենք, բոլորս` խորհրդատուներ։

Որքան էլ բոլորիս համար հեռավար ուսուցման հարթակը նոր էր, իր բոլոր դժվարություններով, և միաժամանակ` հետաքրիր, այնուամենայնիվ, համարում եմ այն հաղթահարված։ Բայց սա չի նշանակում, որ մեր ասելիքը սպառված է, դեռ կան բազում չասված և չարված ընտանեկան նախագծեր, նոր մտքեր, որոնք ծնվում են յուրաքանչյուր օր, ժամ, րոպե․․․․․

Այ, մի օր,երբ զգացի, որ վաղուց գիրք չեմ ընթերցել, վաղուց չեմ մտորել, վերցրեցի փոշոտված, բայց իր հերթին սպասող վերջերս նվեր ստացած գիրքս՝« Վերջին ուսուցիչը»: Ի դեպ, մի փոքր շեղվեմ, բայց, իհարկե, թեմայից չեմ հեռանա։ Վարդգես Պետրոսյանի գիրքը նվեր եմ ստացել իմ սովորող Լիլիա Ղուլյանից փետրվարի 19-ին` « Գաղտնի Թումանյան » խաղի կամ մեծն Հ․Թումանյանի ծննդյան օրվաննվիրված Գրքի տոնին։ Քոլեջի Վերնատան բացման կապակցությամբ իսկական նվեր եղավ գաղափարը, որը Լուսինե Ալեքսանյանի հետ քննարկեցինք. ստեղծել փոքրիկ գրադարան` Վերնատան ընթերցարան։

Վերնատունը համալրվեց բազում գրքերով,սովորողները վերցնում կարդում էին իրենց նախընտրած ստեղծագործությունները, այնուհետև Թամար Ղահրամանյանը և Կարինե Պետրոսյանն այնտեղ անցկացնում էին ընթերցանության ժամեր։ Հրաշալի գաղափարը կարծես անկում ապրեց շաբաթներ անց, երբ անցում կատարեցինք հեռավար ուսուցման։ Սակայն Հեռավար ընթերցանության նախագծի միտքն երկար սպասեցնել չտվեց։ Կազմեցի նախագիծ, որին սովորողները մեծ սիրով մասնակցեցին։ Այժմ ունենք շարունակական նախագիծ, որին կարող են միանալ բոլոր գրքասերները։ Վերնատան ընթերցարանն արդեն ունի գրքացանկ, այն ժամանակ առ ժամանակ համալրվում է։ Այստեղ կարող եք կարդալ սովորողների ընթերցած գրքերի վերաբերյալ կարծիքներ, փոքրիկ պատումներ, վերլուծություններ, հույզեր, տպավորություններ, խորհուրդներ։

Ընթերցանությունը կարելի է համեմատել մարզվելու հետ: Ինչպես մարզվելիս մկաններն անընդհատ աշխատում են և ավելի են ուժեղանում, այնպես էլ գիրք կարդալիս մարզվում են ուղեղը, հիշողությունը, զարգանում է երևակայությունը, մտածողությունը: Այս նախագծից, իհարկե, բխեցին մի շարք ընթերցողական նախագծեր, այն դարձավ իսկական ընտանեկան ընթերցանություն, արվեցին բազում ձայնագրություններ՝

Այսքան ընթերցասեր, կարդացող սովորողներին լրացնում է սկսնակ ստեղծագործողների մի խումբ, որը ներկայացնում է իր ստեղծագործությունը՝

Կարդացինք, ասմունքեցինք, տան անդամներին ներգրավեցինք մեր նախագծերում, Ինչո՞վ զբաղվել տանը կալանավորված օրերին․․․․․․ Սովորողները սկսեցին ձանձրանալ, չէ՞ որ միայն առաջադրանք կատարելը հոգնեցուցիչ է, որքան էլ ուսուցիչը ջանք չի խնայում` առարկան հետաքրքիր, գրավիչ դարձնելու։ Սովորողները սկսեցին պատմել իրենց առօրյայից, պատմել ինչո՞վ կարելի է և ինչո՞վ են զբաղվում, երբ ունենում են ազատ ժամանակ։ Ֆիլմեր, մուլտֆիլմեր, նկարչություն, մի խոսքով, մեկուսացվածի իսկական առօրյա։ Հետաքրքիր էր ինձ համար այս դեպքում ոչ թե իրենց համար որպես կազմակերպիչ, այլ` որպես խորհուրդներին հետևող, բացահայտել իրենց ճկուն միտքը, նախասիրությունները: Զարմացել և հիացել էի Միքայել Մաթևոսյանի, Մերի Պետրոսյանի, Լիլիա Ռուստամյանի, Անի Պետրոսյանի, Էլմիրա Բասմարջյանի նախասիրություններով։

Թվում էր, թե այդքան զբաղվածությունը բավական է օրը լիարժեք դարձնելու, բայց սովորողներին դա չբավարարեց․․․․ Մենք, ինչպես միշտ, գտանք լուծումը, ի՞նչ արեցինք․․․գարնանային գեղեցիկ,գերող տեսարանները, ծաղիկների, նոր ծաղկած ծառերի բույրը տենչացող սովորողները բացը լրացրեցին ոչ միայն պատուհանից զմայլվելով, այլև սկսեցին կիսվել իրենց ֆոտոպատումներով։ Վարակեցին նաև ուսուցիչներիս, բոլորս սկսեցինք բաց չթողնել գարնան հեքիաթը։ Իհարկե, այսքանով կանգ չառանք, անցում կատարեցինք դեպի մեր պատշգամբներ, այգիներ։ Ստացվեց ևս մի ընտանեկան գեղեցիկ նախագիծ։

Բայց չէ, միևնույնն է, չէր ստացվում սովորողների մոտ օրը ճիշտ պլանավորել, չկար հստակ օրակարգ, ինչն էլ դժվարացնում էր կողմնորոշվել։ Ի՞նչ նախագիծ իրականացնել, ե՞րբ սկսել դասապատրաստումը, տեսադասի մասին մոռանալով: Ի՞նչ անել․․․ Իհարկե, գտանք լուծումը, առաջարկեցինք կազմել անհատական ուսումնական պլան։ Այն ճիշտ և ժամանակին եկավ օգնության։ Ուսումնական պլանը կազմելով` սովորողը սկսեց պատկերացում կազմել, թե ինչպես արդյունավետ օգտագործել օրը, և ստացվեց։ Այնքան արդյունավետ էր, որ սովորողները ոչ միայն ամեն բան սկսեցին հասցնել, դեռ ազատ ժամանակ էլ ունեցան: Ազատ ժամանակ, ի՞նչով լրացնել այն։ Իհարկե, ինքնակրթությամբ, ինքնուսուցմամբ։ Մի շարք ականավոր մտավորականներ ու գյուտարարներ (օրինակ՝ Թոմաս Ալվա Էդիսոն, Չարլի Չապլին) անգամ դպրոցի ատետաստ չեն ունեցել: Նրանք դպրոցական ու բուհական կրթության բացը լրացրել են ինքնակրթությամբ: Պետք չէ թերագնահատել ֆորմալ կրթությունը, սակայն ինքնակրթությունն էլ իր առավելություններն ունի: Օրինակ՝ դու ինքդ ես ընտրում ուսումնական մեթոդները։ Այստեղ իրական կախարդանք տեղի ունեցավ: Ուսուցիչները չգիտեին` որ սովորողին հետևել, եղան բազում բացահայտումներ, նույնիսկ` դժվար, պասիվ սովորողներն ակտիվացան։ Իհարկե ուսուցիչը պարտավոր է ինքնակրթվել յուրաքանչյուր վայրկյան։ Միայն ընթերցանությունը քիչ է, սկսել ենք հեռավար հարթակում իսպաներեն սովորելու նախագիծը Բելլա Աբրահամյանի հետ։ Առցանց ուսուցման հարթակը մեկ այլ ձեռքբերում ևս ընձեռեց՝ կորեերենի ուսումնասիրությունը։ Դե, իսկ իմ սիրելի հոգեբանությամբ զբաղվելու, նոր ոլորտներ ուսումնասիրելու իսկական ժամանակն է, որի մասին կխոսեմ մայիսյան հավաքին։ Չանտեսեցինք նաև Դպիր ամսագրի ընտանեկան ընթերցումների իրագործումը, կարծիքներ և տեսակետեր արտահայտեցինք, ստեղծեցինք մեր սեփական ընտրանու ցանկ։

Ի՞նչն է պակասում այս ամենի մեջ․․․․Դե, իհարկե, ինչքան կարելի է անշարժ նստել և միայն մատներ շարժել,որոնք ստեղնաշարին մեր միտքն են փոխանցում։ Մարզական ստուգատեսին մասնակցեցին մեր սովորողները։ Ուզում եմ առանձնացնել Անահիտ Գաբրիելյանի և Միքայել Մաթևոսյանի մարզանք-խորհուրդները։ Հետևել իրենց խորհուրդներին և սննդակարգին` կկարողանաք նաև ամառային ճամբարի ժամանակ։ Ամառային ճամբարին, որքան էլ դժվար է, չեմ ուզում չակերտներ բացել,բայց հավաստիացնում եմ` շատ հետաքրիր, զվարճալի, ուսումնական նախագծեր են սպասվում ձեզ և մեզ։

Ընտանեկան ստուգատես․․․․ մի՞ թե դեռ չիրականացված նախագծեր են մնացել։ Իհարկե, բա էլ ի՞նչ ընտանեկան նախագիծ, եթե այն իրականացնելու վայրը խոհանոցը չէ։ Ահա եկանք հասանք գրառման ամենահամեղ մասին. էլ հրուշակեղեն, էլ վիտամիններով հարուստ աղցաններ, նախաճաշ, ճաշ, ընթրիք, ինչ ուզես։ Սիրտդ շոկմանժե է ուզո՞ւմ, խնդրեմ` նայիր, թե Լիլիա Ռուստամյանն ինչպես է այն պատրաստում։ Գարուն է, կանաչիներ համտեսելու, վիտամիններով զինվելու շրջան, չկա ավելի լավ տարբերակ, քան Տաթև Հովսեփյանի պատրաստած ժենգյալով հացը։ Համեղագույն փոխինձը Կարինե Ղուլյանի բաղադրատոմսով։ Վիտամիններով հարուստ ըմպելիք, բազմազան ուտեստներ, նախաճաշի արագ և համեղ տարբերակ՝ փանքեյքի բաղադրատոմս, էլ ո՞ր մեկը թվարկեմ, ա~խ,մարդու սովածանալն էլ է գալիս այսքանը դիտելուց հետո: Տխրեցնե՞մ, սա դեռ ամենը չէ։ Այս չարաճճիները այսքանով չեն բավարարվում, ի՞նչ են անում, վերցնում են այս ընտանեկան նախագիծը, հերիք չի սկսում են ավելի գրավիչ պատրաստել, դեռ մի հատ էլ իսպաներեն,իտալերեն են ներկայացնում։ Պատկերացրեցի՞ք` իմ ինքնազգացողության հետ ինչ պատահեց։ Անի Պետրոսյանի զատկական փլավը, Մարիամ Տեր-Գալստյանի դոլման, Անի Բարսեղյանի գաթան,Մերի Պետրոսյանի բիսկվիթը, Մարիամ Շախվերդյանի ժենգյալով հացը, ու այս ամենը` իտալերեն, իսպաներեն։

Դե ինչ, որքան հնարավոր էր, հակիրճ պատմեցի սովորողների ընտանեկան դպրոցից, այժմ ներկայացնեմ իմ ընտանիքի դպրոցը։ Հեռավար դպրոցը մեր ընտանիքում շատ բազմազան է ընթանում, քանի որ էպիկենտրոնում աղջիկս է՝ Արևմտյան դպրոց-պարտեզի սանը։ Նրա դասվարը` Մարգարիտ Թամազյանը, հետաքրքիր նախագծերով է լցնում մեր առօրյան։ Մեր դպրոցի սովորողներն են Մոնա, Արամ, Մարիամ և Սարգիս(պապիկ) Մխիթարյանները, և իհարկե, մեր շունիկ Ծյապան։ Բնագիտական փորձերով, խաղերով, Մարինե Մկրտչյանի համակարգած ազգային խաղերով, ֆլեշմոբի մասնակցությամբ, ընթերցումներով, ինքնաշեն խաղերով, Շողիկ Պողոսյանի նախագիծ՝ սերմնացանով, մարզումներով, անգամ հորինված փորձերով լի շաբաթներ են ընթացել։ Համոզված եմ` առջևում էլ ավելի հետաքրքիր առաջադրանքներ կլինեն։ Մոնան հաճույքով մասնակցեց Վիգեն Ավետիսի նախագծին՝ «Ճոխությունը փոխենք հարմարավետությամբ»։ Որպես ծնող`անմիջական մասնակից ընտանեկան դպրոցում, կարող եմ փաստել, որ այն արդյունավետ է։ Ես բացահայտեցի իմ աղջկա մեջ այնպիսի ստեղծագործական տաղանդ, ինչպիսին է հեքիաթ,երգ, խաղ, փորձ հորինելը։ Բացահայտեցի Մոնայի սերը նկարչության հանդեպ, նորի ստեղծումը, որի շնորհիվ նա իր երևակայական աշխարհն է լցնում և այնտեղից բերում իրական կյանք։ Երջանիկ եմ, որ այդ ամենին հնարավորություն ունեմ հետևելու, ապրելու, վայելելու։

Սովորողների անհատական նախագծերը մեզ հանկարծակիի բերեցին․․․․ Երբ ուսուցչի կողմից առաջարկված նախագծին են մասնակցում ,դա բնական է, բոլորն, անգամ նորեկները, հմտացել էին։ Իսկ անհատական նախագիծ ստեղծելը, մշակելը, իրականացնելու առաջին քայլերի ականատես դառնալը, իրենց հետ հավասար լարվելը, անհանգստանալը և արդյունքից գոհ սովորողի երջանկությունը կիսելը մի այլ աշխարհ է։ Հպարտ եմ, որ յուրաքանչյուր սովորողին կարողացա յուրովի մոտենալ, բացահայտել և օգնել, թևավորել, աջակցել ցանկացած նախաձեռնությանը։ Տաղանդավոր սովորողները շատ են, նրանցից ուզում եմ առանձնացնել Արևիկ Գևորգյանին, ով ստեղծեց յութուբյան ալիք և արդեն այդ հարթակում է իրականացնում վրացերենի ուսուցումը։ Երբ նա ընտրության գործունեությունը ընտրելիս չէր կողմնորոշվում, տատանվում էր և որոշ ժամանակ անց ընտրեց վրացերենը, ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օր կդառնա սովորեցնող, կունենա բազում հետևորդներ, ովքեր անհամբեր սպասում են յուրաքանչյուր դասի թողարկմանը։ Ի դեպ, կարող եք բաժանորդագրվել և հետևել Արևիկի ալիքին։ Մյուս բացահայտումս Անահիտ Գևորգյանն է, ով Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու պահին ոգևորված պատմում էր կորեերենից։ Նա մի նախագիծ էր առաջարկել՝ կորեերեն սովորեցնել ցանկացողներին։ Մենք ողջունեցինք նրա միտքը, արդեն մտածում էինք` ինչպես կազմակերպել։ Եվ ահա հեռավար ուսուցման ընթացքում ընկեր Տաթևի առաջարկով Անահիտը սկսեց իր դասերն անցկացնել տեսադասի միջոցով։ Խումբը մեծ չէ, բայց անչափ հետաքրքիր են անցնում դասերը։ Քանի դեռ շատ առաջ չենք գնացել, կարող եք միանալ մեզ և սովորել նոր ու շատ հետաքրքիր մշակույթ։

Դե ինչ, գրեցի ընտանեկան դպրոցից, ավելորդ է նշել, թե ինչպես եմ զգում, որ ծնողները ուրախ են` իրենց ընտանեկան դպրոցին մասնակից դարձնելու համար։ Ինքս անարդարություն չսիրող մարդ եմ, բայց արի ու տեսՙՙ` հեռավար դպրոցում ես այն զգացի։ Երևի հետաքրքիր կլինի, թե ինչու՞, ասեմ, սկսեցի շատ ու շատ կարոտել իմ սովորողներին, իմ արևներին, ովքեր լցնում էին առօրյաս իրենց փայլուն աչուկներով, սրտանց գրկախառնություններով, փոխանցում էին իրենց անմեղ, ազնիվ, ջերմ աուրան։ Այդ ժամանակ ծնվեց նախագիծը՝ Ե՜կ հանդիպենք առցանց․տեսադաս կազմակերպչի հետ։ Սկսեցի յուրաքանչյուր օր հանդիպել սովորողների հետ առցանց հարթակում Teams հավելվածի միջոցով։ Ճիշտ է,այն չէր փոխարինում ֆիզիկական միջավայրում շփմանը, բայց գոնե մեղմացնում էր կարոտը, թե չէ արդեն շատ էի սկսում խանդել ծնողներին: Պարզվեց սովորողներն էլ ինձ էին կարոտում, այն որ օրը 20 ժամ իրար հետ կապ ենք պաշտպանում սոցիալական կայքերի, էլեկտրոնային փոստի ,հեռախոսազանգերի միջոցով, բավարար չէր։ Լավ ստացվեց,որ լուծումը գտանք։

Հեռավար- առցանց ընտանեկան դպրոցը ևս մի հորիզոն բացեց մեր առջև. սովորողների, ինչպես նաև` մեր բլոգները վերանայելու առիթ ստեղծվեց։։ Մի խումբ ուսումնասիրող սովորողների հետ բլոգային ճանապարհորդություն կազմակերպեցինք։ Սկզբում ծանոթացրեցի բլոգներին ներկայացվող պահանջների համապատասխանելիությանը, հետո կազմեցինք ուսումնասիրող խումբ, և յուրաքանչյուրին տրվեց, իհարկե, իմ վերահսկողությամբ,երկուական կուրս՝

Իհարկե, դեռ աշխատանքը չի ավարտվել, բայց աղջիկներս յուրաքանչյուր օր տեսադաս են անցկացնում մի խումբ սովորողների հետ, ում բլոգում թեկուզ մի կետը չի համապատասխանում ներկայացված պահանջներին։ Այն ամփոփվում է ոչ միայն ուսումնական բլոգներում, այլ նաև էքզել ֆայլում։ Տեսադասին ես շատ քիչ եմ մասնակցում. կարիքը չի լինում։

Բլոգների ստուգատեսը թույլ տվեց`

  • կարգի բերել սովորողների բլոգները,
  • թիմային աշխատանքի մեջ ներգրավել ուսանողներին, և ստեղծել իրար միջև փոխըմբռնման մթնոլորտ
  • սովորողի պատասխանատվության ձեռքբերում աշխատանքի ընթացքում
  • սովորողների բլոգներին ներկայացվող պահանջներին համապատասխանումը

Դե, իսկ բլոգները կարգի բերելուց հետո անցում կատարեմ ընտանեկան խաղերին։ Ի՞նչպես միտքն առաջացավ։ Պատմեմ՝ Դիանա Բարսեղյանը, քանի որ շատ չաչանակ է, մի օր իր համակուրսեցի Լիլիթ Գասպարյանի հետ զգում են` թեմաները սպառված են, էլ չգիտեն, թե ինչից խոսեն, հիշեն, ինչ քննարկեն, և ճկուն մտքներով անցավ խաչբառ կազմելը։ Այո, հենց իսկական խաչբառ, բայց ոչ թե հասարակ, այլ` սեբաստացիական. միայն սեբաստացին կկարողանա այն լուծել։ Ողջ գիշեր հորինում, գրում, ջնջում են, որի արդյունքում ստեղծվում է Քոլեջի առաջին խաչբառը։ Այնուհետև միտքը ողջունում և շարունակում են այլ սովորողներ՝ Մերի Պետրոսյան, Ռոբերտ Գագինյան։

Ահա թե ինչ միտք ինձ դրդեց ընտանեկան խաղեր նախագիծն իրականացնելուն։ Ի՞նչ նպատակով այն սկսեցի իրականացնել՝

  • ընտանեկան երեկոները լցնելու հաճելի զբաղվածությամբ,
  • նախագծի իրականացմանը ներգրավել նույնիսկ ամենապասիվ սովորողին,
  • զարգացնող գործոն(զբաղեցնել, հաճույք պատճառել, ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել),
  • հաղորդակցական (հաղորդակցման լեզվի յուրացում),
  • խաղում ինքնակայացումը,
  • խաղաթերապևտիկ՝ բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են կենսագործունեության այլ տեսակներում,
  • ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում, խաղի ընթացքում ինքնաբացահայտում,
  • ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում դրական փոփոխությունների ներմուծում,
  • միջազգային հաղորդակցման գործառույթ՝ բոլոր մարդկանց համար միասնական սոցիալ-մշակութային արժեքների յուրացում,
  • սոցիալականացում՝ ընդգրկում հասարակական հարաբերությունների համակարգի մեջ, մարդկային համակեցության նորմերի յուրացում։

Ասեմ,որ արդեն բավականին մեծ խմբի մասնակցության ամփոփում ունեմ ու պետք է նշեմ, որ պասիվ սովորողներն են շատ ակտիվ մասնակցում։ Ծնողների, տան անդամների մեծ ջանքերը, ոգևորությունը առանց հուզվելու տեսաֆիլմերը դիտելն անհնար է։ Այս ընթացքում ծնողների հետ կարողացա մտերմանալ,նախկինում նման առիթ չէր ընձեռվել, անհնար էին աշխատանքային օրերին հանդիպումները։ Հիմա հնարավոր է ընտանեկան դպրոցում և՜ տեսաֆիլմերի շնորհիվ,և՜ ընտանեկան նախագծերով, շփմամբ էլեկտրոնային հասցեով, տեսադասերի,հավաքների մասնակցությամբ։ Իսկապես, մեծ ներդրում ունեն նրանք սովորողների, մեր ընտանեկան դպրոցում։ Մեր տիարը կասեր` պատվիրատուները կիսվել են իրենց կարծիքով, տեսակետներով հեռավար ուսուցման վերաբերյալ։ Բացի նամակագրությունից, սոցիալական ցանցերի օգնությամբ իրականացվող անդադար հասանելիությունից, անհրաժեշտ է կապ պաշտպանել սովորողների հետ նաև տեսադասի շնորհիվ, խթան հանդիսանալ, որ է՜լ ավելի ոգևորված իրականացնեն նախագծերը։ Չէ՞ որ նրանց մոտ առաջանում են բազում հարցեր,դժվարություններ` կապված նախագծերի, առաջադրանքների հետ։ Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցը նաև հնարավորություն է ստեղծում սովորողների, ծնողների, տան անդամների հետ անմիջական կապ ունենալ։ Իրենք ակամայից դառնում են մեր դպրոցի ուսուցման մեծ մասը։ Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, ովքեր, մեղմ ասած, հեռու են մեդիայից:Իհարկե, պետք է իրենց օգնենք, որպեսզի դառնանք հասանելի նաև նրանց համար։ Ահա սկսեցինք Ծնողները մեդիահարթակում են նախագիծը, և արդեն շատերն ունեն իրենց սեփական էլեկտրոնային հասցեները, կային ծնողներ, ովքեր սոցիալական կայքերից գոնե մեկում գրանցված չէին, դա էլ շտկվեց։

Այսքանով ընտանեկան նախագծերը չեն ավարտվում։ Եկավ ապրիլի 24-ը, օր, որը կրթահամալիրում իրականացվում է ծառատունկով, խաղողատունկով ։ Ապրիլի 24-ը կրթահամալիրում կանաչ ապրումի, նախաձեռնությունների օր է, որին մասնակցեցին ոչ միայն դասավանդողներ, կրթահամալիրի աշխատակիցներ, այլ նաև միացան, իհարկե, ֆիզիկապես մեզնից հեռու , նվիրումն իրենց այգիներում իրականացրած մի խումբ սովորողներ՝

Ահա պատրաստվում ենք նոր ուսումնական տարվա ընդունելությանը, նոր սովորողների, նոր հայացքների, մտքերի, մոտեցումների ժամանակաշրջանը։ Քանի որ պետք է  նախագիծը իրականացնենք առցանց ընտանեկան հարթակում, այսպիսի հրավերներ ստացվեցին սովորողների կողմից՝ ընդունելությանն ուղղված հայտարարություններ. սովորողները, ծնողները կներկայացնեն Քոլեջը: Ստացվեց շատ հետաքրքիր հայտարարությունների փաթեթ, որը կարող ենք տարածել այլ հարթակներում։

Դե ինչ,ավարտում եմ գրառումս, մտքերս, երկու ամսվա ամփոփումը։ Առջևում են մայիսյան նախագծերը, ամառային ճամբարը, որին արդեն պատրաստվում ենք։ Տեսեք է, մտքերով ընկա ու հայ-հայ էր, մոռանում էի ներկայացնել սովորողների ապրիլ ամսվա ամփոփումը։ Ես իմը ներկայացրեցի, ահա իրենցը` կարող եք կարդալ այս հղումով։ Սովորողները ներկայացրել են իրենց մտքերը,տեսակետը,առաջարկները, կատարած առաջադրանքները, նախագծերը ապրիլ ամսվա ընտանեկան դպրոցի ընթացքում։

Այ, հիմա կավարտեմ օրագիրս, հուսամ` չձանձրացար ինձ հետ, իմ սպասված ընթերցող։ Կարող ես ցանկացած պահի այցելել, շրջել իմ բլոգի տարբեր բաժիններով։ Նաև կասեմ, թող չնեղանան այն սովորողները, ում անունը չհիշատակեցի, պարզապես դուք շատ-շատ եք, իմ ստեղծագործ, խելացի սովորողներ, հավատացեք` ոչ ոքի չեմ մոռացել, ձեր մասին կհիշատակեմ հաջորդ գրումս։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s