Ծաղկոց-տնկարան ինքնածլման միջոցով

Շարունակում ենք բաց,ֆիզիկական միջավայրում ծաղկոցների ստեղծումը։ Այս անգամ Մարիամ Պետրոսյանի,Շողիկ Պողոսյանի հետ միասին տնկեցինք սածիլներ՝ բարբարիս, եղևնի,քրիզանթեմ,բաղեղ։

Փոքրիկ տեղեկություն բույսերի վերաբերյալ․

1․Երկրի վրա գոյություն ունի ծորենու(բարբարիս) մոտ 500 տեսակ: Մեզ մոտ, սակայն, աճում է ծորենու 3 տեսակը: Բուժական տեսանկյունից ուսումնասիրված է ծորենու սովորական տեսակը: Այն շատ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն թփատեսակ է:

Բուժական նպատակով օգտագործում են ծորենու տերեւները, ծաղիկները, հատապտուղները, ճյուղերի կեղեւը եւ արմատները: Ընդհանրապես տերեւները հավաքում են կոկոնակալման եւ ծաղկման շրջանում, իսկ արմատները` աշնանը: Սովորական ծորենու պտուղները հարուստ են C, K վիտամիններով, շաքարներով, օրգանական թթուներով (կիտրոնաթթու եւ խնձորաթթու), պեկտիններով: Բնի եւ ճյուղերի կեղեւը պարունակում են ալկալոիդներ, դաբաղանյութեր եւ այլն:

Ծորենու թուրմը եւ չոր հատապտուղները լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սննդի թթվությունը բարձրացնելու նպատակով: Թարմ հատապտուղն օգտագործվում է հյութեր, մուրաբա, խմիչքներ պատրաստելու համար: Ծորենու բնափայտը շատ ամուր է եւ օգտագործվում է փայտե իրեր պատրաստելու համար:

Ժողովրդական բժշկության մեջ ծորենու պատրաստուկներն օգտագործվում են ներքին ու արտաքին արյունահոսությունների դեպքում: Ամերիկայում այն օգտագործվում է լյարդի, լեղապարկի հիվանդությունների բուժման, ինչպես նաեւ աղեստամոքսային ուղիների լարվածությունը մեղմելու եւ ախորժակը բարձրացնելու համար:

Գիտական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ տերեւների սպիրտային թուրմը: Ծորենու տերեւներից, կեղեւից եւ արմատներից անջատված «Բերբերին» պատրաստուկը նշանակվում է որպես լեղամուղ միջոց լյարդի հիվանդությունների (լեղաքարեր, լեղապարկի բորբոքում, լյարդի բորբոքում) բուժման համար: 1 ճաշի գդալ արմատների կամ կեղեւի փշուրները եփելով 10 րոպե 500 մլ ջրում ու այս եփուկը օրը 3 անգամ խմելով՝ կթեթեւացնեք ստամոքսի սպազմի վիճակը: Տվյալ եփուկը նաեւ տոնուսը բարձրացնող նշանակություն ունի: Այն նաեւ շատ լավ օգնում է փորլուծի, ռեւմատիզմի ու այտուցների դեպքում: Եփուկը կարգավորում է սրտի աշխատանքը եւ նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը: Այն կարող է նաեւ ծառայել որպես շատ լավ կոմպրեսի միջոց` կոպերի եւ լնդերի բորբոքման ժամանակ:

Պտուղները ուտելով` դուք կկարգավորեք ձեր մարսողական համակարգի աշխատանքը:

Ծորենու տերեւների թուրմը կարելի է օգտագործել սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով: Այն արագացնում է սրտի ռիթմը, մեծացնում նրա կծկման տատանման սահմանը, իջեցնում զարկերակային ճնշումը, կարգավորում արյան մակարդելիությունը, ինչպես նաեւ առաջացնում է արգանդի կծկում եւ կանխում արյունահոսությունը, նպաստում է լեղու արտադրությանը: Այն օգտակար է դեղնախտի, թոքաբորբի, ռադիկուլիտի, անգինայի, երիկամների հիվանդությունների բուժման համար:

Քանի որ ծորենու արմատները պարունակում են մեծ քանակությամբ ալկալոիդներ, պետք է զգույշ լինել եւ չչարաշահել դրա օգտագործումը: Պետք է հաշվի առնել, որ այն թունավոր է եւ նույնիսկ դրա պրեպարատներն ընդունելիս պետք է զգույշ լինել: Դիմադրողականությունը բարձրացնելու համար

Առաջարկվում է մի քանի բաղադրատոմս, որոնք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը.

– Մսաղացով անցկացնել 1 բաժին կիտրոն եւ 1 բաժին լոռամիրգ: Ստացված զանգվածին ավելացնել 2 բաժին մեղր: Այս խառնուրդն օգտագործել առավոտյան եւ երեկոյան: Այն պետք է պահել սառնարանում:

– Գրիպով չհիվանդանալու համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կիտրոնի, ընկույզի ու մի քանի տեսակ չորամրգի խառնուրդը: Դրա համար պետք է 3-4 կիտրոն, 1-2 բաժակ ընկույզ, 300գ ծիրանաչիր, 300գ չամիչ եւ 3-4 ճաշի գդալ մեղր: Այս ամենն անց կացնել մսաղացով, ու վերջում խառնել մեղրը: Այս խառնուրդը կարելի է ընդունել անսահմանափակ, իհարկե, զգուշանալով ալերգիայից:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

2․Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

Հնդկաստանում, Չինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

3․Բաղեղ (լատ.՝ Hédera), բաղեղազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայրենիքը Հարավային Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան և Ասիան է (Կովկաս)։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (Hédera helix

Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Ունի կառչող կարճ արմատիկներ, որոնց միջոցով ամրանում է հենարանին։ Տերևները 10 սանտիմետր երկարությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, մերկ, ներքևի կողմից ավելի բաց գույնի կամ դեղնականաչավուն։ Իրենց ձևով տերևները խիստ բազմազան են: Սովորաբար ունենում են 3-5, երբեմն` 7 բլթակներ, ընդ որում, միջին բլթակը ավելի ձկված է, երկարավուն։ Սովորաբար տերևները ընձյուղների վրա դասավորվում են խիտ` այսպես կոչված «մոզաիկ ձևով»` լույսի ճառագայթները ավելի ռացիոնալ կլանելու համար։ Համարվում է չափազանց բարձրարժեք դեկորատիվ բույս։ Ցրտահարվում է-20° սառնամանիքների դեպքում։

Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s