Արատեսյան հաշվետվություն

Սեպտեմբերի 7-9 Քոլեջի նորեկները և այլ սովորողներ մասնակցեցին «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծին։

Ըստ նախապես կազմած օրակարգի մեր ճամփորդական օրվա մեկնարկը տրվեց ուղիղ ժամը 9-ին քոլեջի բակից։ Դե ինչ, մեզ բարի ճանապարհ,իսկ ձեզ՝ բարի ընթերցում։

Ջերմաչափվել- գրանցելուց հետո շարժվեցինք դեպի ամենասիրելի վայր՝ Արատես։Սակայն մինչ հասնելը մեզ սպասվում էին շատ հետաքրքիր կանգառներ, սկսեմ թվարկել։

Առաջին կանգառ՝ Հայրիվանք ,Վերին Գետաշեն,Սևան

Նման տեսարան դեպի կապուտաչյա Սևան ուրիշ ոչ մի դիտակետ չկա․․․ուղղակի հրաշք, անծայրածիր գեղեցկություն։

Փոքրիկ տեղեկություն՝

Գյուղը նախկինում Ադիաման անվանման տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի՝ հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով։ 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի՝ Վահան հազարապետի աճյունը։

Գյուղն ընկած է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։

Երկրորդ կանգառ՝ Մարտունի,Սուրբ Աստվածածին եկեղեցի

Փոքրիկ տեղեկություն՝

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներից հետո ստացավ պատմաճարտարապետական այն նույն տեսքը, ինչպիսին ունեցել է 1886 թվականին կատարված վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներից հետո:

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները: Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հնարավոր կլիներ ճշտել միայն շինարարական արձանագրության պահպանման դեպքում, որը, սակայն, առայժմ չի գտնվել: Բայց խաչքարերի միջնադարյան թվագրումը փաստում է, որ եկեղեցին կառուցված է եղել եւ գործել է շատ ավելի վաղ ժամանակներում։

Երրորդ կանգառ՝ Սելիմի լեռնանցք․ Օրբելյանների քարավանատուն

Փոքրիկ տեղեկություն՝

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն  Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ Վարդենյաց  լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։

Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Ահա ժամանեցինք Արատես։

Ես համոզվել եմ․․․որքան շատ ես այցելում Արատեսը, այդքան շատ ես իրեն բացահայտում ու է՜լ ավելի կապվում,սիրում․․․ սիրում յուրաքանչյուր մասնիկը, չէ՞ որ դու էլ ես իր մի մասնիկը․․․․

Առաջին հերթին իհարկե տեղավորվեցինք, բաժանվեցինք խմբերի՝ մի խումբ զբաղվեց մաքրության աշխատանքներով, այլ խումբ՝ խոհանոցում եփել-թափելու գործընթացով զբաղվեց։ Չէ,չէ, անհոգ եղեք՝ միայն եփեցինք, թափելուն հերթ չհասավ․․․․Միասին ճաշելուց հետո խոհանոցի պատասխանատուները գործի անցան,մնացածը՝ բարեկարգման աշխատանքների։ Կատարեցինք քարանձավի ետնամասի մաքրություն,ազատեցինք քարերից, մոլախոտերից։ Աշխատանքը կատարում էին ոչ միայն սովորողներ,ուսուցիչները,այլ նաև փոքրիկները՝ Մոնան և Վիկան։ Ոգևորված կատարում էին տարբեր աշխատանքներ, իրենց կարևորված էին զգում։

Դե ինչ, եկավ ընթրիքին նախապատրաստվելու ժամը։ Սնունդ պետք է ոչ միայն ստամոքսին․․․․․․հոգևոր սնունդը ևս ոչ պակաս կարևոր է։ Այո,ճիշտ կռահեցիք, սովորողներին,ուսուցիչներին գրավեց օրակարգում պլեներային աշխատանքը։ Նկարել, կերտել,ստեղծել, երգել, փորագրել՝ ահա թե ինչով էր լցված սեբաստացիների Արատեսյան երեկոն։ Փառատոնին բացի հետաքրքրված սեբաստացիներից, մասնակցում է նաև վարդաբլուրցի քանդակագործ Գրիգոր Մանուկյանը։

Գիշերը շատ շուտ եկավ,առաջին օրն իր ավարտն ունեցավ խարույկի շուրջ զրուցելով․․․․․Խոսեցինք արտակարգ սեպտեմբերի մասին, քննարկեցինք սովորողների հուզող հարցերը կապված օրակարգի հետ, նաև համտեսեցիքն կրակի վրա խորոված եգիպտացորենը,որը ունի զավեշտալի պատմություն։ Սովորողներից մի քանիսի հետ միասին Մարտունու խանութներում եգիպտացորեն փնտրել և չգտնելուց մի փոքր անտրամադիր շարունակեցինք ճանապարհը։ Դե ինչ արած,չկա, դե էդ մի բանն էլ թող չլինի․․․․Ասում են ով փնտրում է,նա անպայման գտնում է։ Այո,մենք գտանք․․․․գտանք Մարտունու շուկայից, վաճառողը շատ բարի սիրտ ունեցող,կամեցող կին էր։ Երբ ողջ իր մթերքը գնեցինք, ուրախությունից շփոթված մեզ բարի մաղթանքներ,օրհնելով ճանապարհեց, մի մասի գումարն էլ չհաշվեց․․․․ այ թե ինչպիսինն են Մարտունեցիք։ Այդ պատճառով էլ եգիպտացորենն անչափ համեղ էր, քաղցր․․․․․Դե ինչ,այս օրն ավարտվեց, պետք է քնել,որպեսզի թարմ ուժերով արթնանանք,անելիքները շատ են։ Չնայած իմ սովորողները դժվարությամբ կտրվեցին միմյանց հետ զրուցելուց,խաղալուց,վերջապես քնեցին։

Հաջորդ օրը սկսվեց վաղ առավոտյան՝ դիմավորելով լուսաբացը։ Արատեսում լուսաբացը հմայիչ է, չես կարողանում աչքդ կտրել։ Նախավարժանքից,նախաճաշից անցում ենք կատարում դպրական կենտրոնի բարեկարգման, քարափների վերկանգնման աշխատանքներին։ Սովորողները կատարեցին բարեկարգման աշխատանքներ դեպի Սիրո տնակ տանող ճանապարհին։ Միասին աշխատանք կատարելը և՜ արդյունավետ է,և՜ հաճելի։

Ճաշելուց հետո քայլք կատարեցինք դեպի Արատեսի վանական համալիր,որտեղ անցանք շրջակայի մաքրման։ Որից հետո կատարեցինք քայլք դեպի Արատես գետի կիրճ (Խաչոց ձոր)։ Հրաշք բնություն, գեղեցիկ վայր,որտեղ կարելի է մեկուսանալ,հանգստանալ,ստանալ նոր լիցքեր,լողալ ընկերների հետ։ Դե ի՞նչ , ստացաք նոր լիցքեր․․․․ժամանակն է անցնել մրգերի և հատապտուղների բերքահավաքի, որպեսզի մեզ հաջորդող խումբը՝ Ավագ դպրոցի մի խումբ սովոողներ պատրաստեն հյութ և այլն։ Ի՞նչ բեերք ու բարիք եմ ասել․․․․․մասուրը սկուտեղով դրեցինք չորանալու, խնձոր․․․համեղ խնձորն ինչ շատ է, անմտություն կլինի չօգտագործելը․․․․բա սալորները․․․․․Չէ,ոչինչ բաց չթողեցինք։

Եկավ նորից հանգստի ժամը՝ ստեղծագործելու ժամը, որին հաջորդեց ընթրիքը։ Դե իսկ մի փոքր ժամանակը մինչ մթնելը օգտագործեցինք մեր Զբոսաշրջիկների տնակի վրա։ Ճանապարհը ազատելով փայտերից,ինչպես նաև խոտերի հեռացմամբ։ Նաև ընկեր Հարութի հետ միասին քննարկեցինք կահավորում, ձևավորումը,որոնց վերաբերյալ սովորողներն ավելի ուշ կներկայացնեն համակարգչային ծրագրի օգնությամբ։ Դե ինչ, վերջին օրվա օդից չկշտանալով պետք է քնել, վերադարձի ճանապարհը երկար է տևելու։

Վերջին լուսաբաց․․․․․վերջին սառը առավոտյան շունչ․․․․պետք է պատրաստվել վերադարձին՝ միջավայրի խնամքով, սենյակները կոկիկ հավաքված․․․․ իհարկե պետք է հասցնել հրաժեշտ տալ գեղեցիկ, տպավորիչ,քաջ ծանոթ,բայց նորովի Արատեսին․․․․մեր Արատեսին․․․․․Դե․․․․գնացինք, պետք է ճամփա ընկնել,դեռ երկար ճանապարհ ունենք։ Բայց անհոգ եղիր,մենք դեռ կվերադառնանք քեզ մոտ,Արատես․․․դեռ շատ անելիք ունենք միասին,դեռ շատ ասելիք ունենք․․․․չգնացած արդեն կարոտեցի․․․․արդեն իմն էլ դարձած Արատես․․․․․

Շնորհակալ եմ նման հետաքրքիր նախագծին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։

Ետդարձին այցելեցինք Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցին, ինչպես նաև այցելեցինք Հորբատեղ գյուղի բնական գեյզեռը։

Փոքրիկ տեղեկություն՝

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Բնական շատրվանող աղբյուր Հորբատեղ գյուղում։
Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի գյուղական համայնքներին։

Եռօրյա ճամփորդության ֆիլմը կարող եք դիտել՝

Խենթուկներս՝

Ի՞նչ են պատմում սովորողները․․․․․կարդացեք իրենց բլոգում՝

Տեղեկատվությունների համար օգտվել եմ վիքիպեդիայից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s