Ամանորի խորհուրդը, Տոնի ծառ

Ամանորին բոլորիս ուշադրության կենտրոնում Տոնածառն է: Ամեն տարի միջոց ու ջանք չենք խնայում , որ մեր բնակարանը զարդարող այդ ծառը լինի գեղեցիկ ու շքեղ:
Տոնածառի կարևորությունը բոլորս ենք հասկանում, բայց ոչ բոլորը գիտեն նրա առաջացման պատմությունը :
Ասում են ամեն ինչ սկսվել է Գերմանիայում 16-րդ դարում, երբ  քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին տուն:

Աստիճանաբար ծառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841 թ. զարդարելով այն մոմերով, կոնֆետներով, մրգերով:  Այնուհետև առաջին զարդարանքները, որոնք ուտելի էին, փոխարինվեցին թղթով, բամբակով, փայլափղթով պատրաստված խաղալիքներով: 1848 թ-ին Գերմանիայում պատրաստվեցին ապակյա խաղալիքները, առանց որոնց անհնար է պատկերացնել ամանորյա եղևնին: Էլեկտրականությունն էլ նպաստեց, որ եղևնին զարդարվի տարբեր վառվող գույներով: Այսպիսով եղևնին ժամանակի ընթացքում ձեռք բերեց մեզ  ծանոթ տեսքը:
Առաջներում տոնածառի գաղափարը հատկապես տարածված է եղել Արևմտյան Հայաստանում: Այն զարդարել են արական ու իգական սեռի տիկնիկներով,  դդումներով ու սերմերով: Այն հավաքական կերպար է եղել, որի գաղափարը ընտանիքի ու Աստծո միջև սերն է:
Ամանորը ընտանեկան տոն է ու  Տոնածառի վերջնական տեսքից ոչ պակաս կարևոր է նրա զարդարման ընթացքը, որի համար անհրաժեշտ են ընտանիքի բոլոր անդամների ոգևորությունը, համբերությունը, հանդուրժողականությունը:

Աղբյուր

Ս. Ծննդյան տոնի տոնական ծառի զարդարումը կապված է Մանուկ Քրիստոսի մասին ավանդության հետ: Ս. Ծննդյան տոնի ամենասիրելի և գրավիչ պահերից մեկը տոնածառի զարդարումն է, սակայն բոլորը չէ, որ գիտեն, թե ինչու է տոնածառն այդքան կարևոր քրիստոնյաների համար: Ս. Ծննդյան տոնի ծառի մասին շատ ավանդություններ կան. ամենահայտնի ու ամենագեղեցիկ ավանդություններից երկուսը կպատմեմ:

Երկրի վրա իջել էր խորհրդավոր սուրբ գիշերը՝ մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրներից մեկում ծնվել էր աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը՝ հովիվները փառաբանում ու երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին՝ մոգերը արևելքի հեռավոր երկրներից շտապում էին՝ խոնարհվելու աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին՝ ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները՝ բարձրացնում գլուխները՝ ջանալով տեսնել քարայրի ներսը:

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքին մոտ աճած երեք ծառերը. նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը՝ շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին՝ սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին ու համեստ, կանաչ եղևնին: Ձիթենին, դիմելով արմավենուն, ասում է, որ գնան խոնարհվեն Մանկանը և նրան նվերներ մատուցեն:  Համեստ եղևնին խնդրում է, որ իրեն էլ տանեն, սակայն ձիթենին ու արմավենին ասում են, որ եղևնին միայն ծակող ասեղներ ու զզվելի կպչուն խեժ ունի: Խեղճ եղևնին  հնազանդորեն հետ է քաշվում՝ չհամարձակվելով մտնել քարայր:

Հրեշտակը, սակայն, լսելով ծառերի խոսակցությունը, տեսնում է թե՛ արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե՛ եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճում է եղևնուն և կամենում օգնել նրան:

Փարթամ արմավենին խոնարհվում է Մանկանը և Նրան տալիս իր շքեղ պսակի լավագույն տերևը, որ զովություն պարգևի շոգ օրերին, իսկ ձիթենին խոնարհում է իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցնում, և ամբողջ քարայրը լցվում է անուշ բույրով:

Եղևնին հետևում է նրանց տխուր, սակայն առանց նախանձի՝ մտածելով, որ նրանք իրավացի են. ինչպե՞ս կարող է ինքը համեմատվել նրանց հետ: Հրեշտակը, սակայն, նրան ասում է, որ ինքն իրեն համեստությամբ խոնարհեցնելով՝ ավելի մեծարվելու և իր քույրերից ավելի է զարդարվելու: Ապա հրեշտակը երկնքին է նայում, և մութ երկինքը փայլում է պայծառ աստղերով: Հրեշտակը նշան է անում, և աստղերը մեկը մյուսի հետևից սկսում են ցած թափվել ուղիղ եղևնու կանաչ ճյուղերի վրա, և եղևնին շուտով շողշողում է վառ կրակներով:

Երբ Մանուկն արթնանում է, Նրա ուշադրությունը գրավում են ոչ թե քարայրի սքանչելի բույրն ու արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայում է եղևնուն, ժպտում ու թաթիկները մեկնում դեպի այն: Եղևնին հրճվում է, սակայն չի հպարտանում ու չի մեծամտանում, այլ իր ողջ փայլով ջանում է լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն ու արմավենուն: Չարին պատասխանում է բարությամբ: Իսկ հրեշտակը, տեսնելով, եղևնուն ասում է, որ իր բարության համար կպարգևատրվի, ամեն տարի Սուրբ Ծննդյան օրերին կզարդարվի լույսերի փայլով, և թե՛ երեխաները, թե՛ մեծերը կուրախանան՝ նայելով իրեն: Այդ օրվանից  համեստ, կանաչ եղևնին դառնում է Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Ըստ երկրորդ ավանդության՝ ժամանակին ապրում էր մի փայտահատ, որն օրնիբուն աշխատում էր՝ ծայրը ծայրին հասցնելու և իր ընտանիքի ապրուստը հայթայթելու համար: Նա ուներ կին և երկու զավակ` Վալենտինն ու Մարին: Նրանք օգնում էին իրենց հորը, հնազանդ էին ու բարեպաշտ: Ամեն օր Աստվածաշունչ էին կարդում, անգամ այն օրերին, երբ ուտելու ոչինչ չունեին:

Ս. Ծննդյան տոնի նախօրեին, երբ ամենօրյա աղոթքն էին անում, դուռը թակում են: Դռան մոտ ցրտահար ու քաղցած մի երեխա էր կանգնած: Նրանք խղճում են փոքրիկին և իսկույն ներս առնում: Վալենտինն ու Մարին նրան տեղ են տալիս վառարանի մոտ և առաջարկում իրենց բաժին հացը: Քանի որ փոքրիկը շատ հոգնած էր, երեխաները նրան են զիջում իրենց մահճակալը, իսկ իրենք քնում են աթոռների վրա` չնայելով անհարմարությանը: Հյուրը շնորհակալություն է հայտնում և շուտով քնում: Ընտանիքն աղոթում է աղքատ երեխայի համար, որը չուներ անգամ այն հաճելի տաք տունն ու հարմարավետ մահճակալը, որն իրենք ունեին: Նրանք քուն են մտնում միայն ուշ գիշերին:

Փոքրիկ Մարին վաղ առավոտյան արթնանում է սրինգի անուշ մեղեդու և սքանչելի երգեցողության ձայնից: Նա արթնացնում է եղբորը, և միասին ունկնդրելով երաժշտությունը՝ հասկանում են, որ հրեշտակներն են երգում մանուկ Հիսուսի համար՝ այն երեխայի, որին իրենք հյուրընկալել էին նախօրեին: Նրանց սրտերը լի էին ուրախությամբ: Պատուհանից դուրս նայելով` տեսնում են ամենագեղեցիկ լուսաբացը և ոսկե տավիղներն ու քնարները ձեռքերին, շողշողուն արծաթագույն հագուստներ հագած մի խումբ մանուկների: Նրանց հետևում կանգնած էր իրենց հյուրը` ոսկեկար հագուստով, գլխին` ոսկե պսակ: Վերջինս հայտնում է, որ Ինքն իրոք մանուկ Քրիստոսն է, և շրջում էր՝ ավետիս տալու և ուրախություն պարգևելու բարի մանուկներին:

Քանի որ Վալենտինն ու Մարին անձնուրաց և աջակցող երեխաներ էին, Տերն օրհնում է նրանց և մոտիկ եղևնուց մի ճյուղ կտրելով՝ տնկում հողում: Ապա երեխաներին ասում է, որ ամեն տարի այդ ճյուղը նրանց համար կդառնա Սուրբ Ծննդյան տոնածառ: Մանուկ Հիսուսն անհետանում է` երեխաներին ապշահար թողնելով իրենց տեսածից ու լսածից:

Շուտով եղևնու ճյուղն աճում է և դառնում մեծ տոնածառ, որն ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին զարդարվում է ոսկե խնձորներով, արծաթե ընկույզներով ու գեղեցիկ խաղալիքներով:

Ավանդությունների առանցքում այն համոզումն է, որ տոնածառը Մանուկ Հիսուսի նվերն է անձնուրաց ու բարի մարդկանց: Բարի մարդկանց զարդարում են Տիրոջ տված շնորհները՝ համեստությունը, բարյացակամությունը, խոնարհությունը և այլն: Աստծուց շնորհներ ստանալով՝ պիտի կարողանանք չգոռոզանալ, չմեծամտանալ և Տիրոջից իրապես կպարգևատրվենք:

Այսպիսով, Կյանքի խորհրդանիշ Սուրբ Ծննդյան ծառն ամեն տարի իր խորհրդավորությամբ հիշեցնում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի մասին. կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհ. Ա 4):

Աղբյուր

Նոր տարին ու Սուրբ Ծնունդն անհնար է պատկերացնել առանց տոնածառի: Հին ժամանակներում մարդիկ զարդարում էին ընդհանրապես ծառեր: Համարվում էր, որ դրանք օժտված են բարի ուժերով, եւ ծառերի վրա կախում էին մրգեր, նվերներ` այդ բարի ուժերին իրենց կողմը գրավելու նպատակով: Հաճախ ծառը զարդարել են խնձորներով (պտղաբերության խորհրդանիշ), ընկույզով (աստվածային կատարելության խորհուրդ), ձվերով (կյանքի առաջընթացի, ներդաշնակության եւ հաջողության խորհուրդ): Տոնածառ զարդարել են դեռեւս 2000 տարի առաջ: Մշտապես կանաչ եղեւնին գրավել է յուրօրինակ դիրք մնացած ծառերի մեջ: Այն եղել է »համաշխարհային ծառ»` խորհրդանշելով կյանքը եւ վերածնունդը խավարից ու մթից: Շատերը կարծում են, թե միշտ կանաչ եղեւնին դրախտի կենաց ծառն է, նրա վրա վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, զարդերը` զոհաբերության խորհրդանիշը: Եվրոպայում Սբ Ծննդյան տոնի ծառին նախորդել է փայտե կառույց` բուրգի տեսքով, որի վրա կախվում էին բույսեր եւ զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչեւ տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ Ծննդյան տոնի գլխավոր զարդը: Սբ Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվել է 16-րդ դարում: 1561 թվականի գերմանական աղբյուրում ասվում է, որ Սբ Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում եւ սկանդինավյան երկրներում դարձավ Սբ Ծննդյան տոնի առաջին խորհրդանիշը: Տոնածառն Ամերիկա են տարել գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաեւ հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով եւ գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական դավանանքի հարողների մոտ ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառելու մասին: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով եւ մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ ու տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակեգործները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին ու այլ ծանր զարդարանքների:

Աղբյուր

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s