Գո՜ւնդ անե՜մ, գո՜ւնդ անե՜մ, գո՜ւնդ անե՜մ․․․․․

Նախագիծ

Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ: Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:

Այսօր «Ազգագրական փառատոն»- ի շրջանակում Քոլեջի սովորողներն ու ուսուցիչները միասին ուսումնական Ագարակում թխեցին շատ համեղ,անուշաբույր լավաշ և հաց։ Երգեցինք, թխեցինք, համտեսեցինք․․․․․Այն քիչ ուշ պանրի,խաշիլի հետ միասին համտեսեցին կրթահամալիրի մեդիաուրբաթի մասնակից դասավանդողներն ու սովորողները։

Մասնակիցների լուսաբանումներ՝

Պատում լավաշի,հացի մասին․

Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հայերը միմյանց աղ ու հացով դիմավորել են և միասին հաց կիսել:

Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:

Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն:

Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր: Նախ եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի «լավաշ» անվանումը: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը:

Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին: Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ անգամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի համը:

Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր, և անձը միայնակ չէր կարող հաց թխել: Այն հանիդսանում էր բացառապես կանանց զբաղմունք, և խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն տղամարդ մտնի, քանի որ դա համարում էին վատ նշան: Այս խմբային գործում բոլորի դերերը բաշխված էին, ամեն մարդ ուներ իր գործը՝ մեկը խմորն էր պատրաստում, մյուսը գրտնակում էր, մյուսը, ով ամենափորձառուն էր, այն խփում էր թոնրի շուրթին: Ոչ փորձառուները հիմնականում փոխանցում էին խմորի գնդերը և այդ ընթացքում էլ սովորում ավելի փորձառուներից:

Հացի թխման արարողությունն ուներ 7 խորհուրդ՝ ցորեն աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերի բաժանելը, թխելը և շարելը:

Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և նաև ուժ ստանար:

Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից:

Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսն այդ օջախի հացը կավելացնի: Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա:

Թոնիրը հայերի կյանքում և կենցաղում կարևորագույն նշանակություն է ունեցել դեռևս հեթանոսական ժամանակներից: Այդ գետնափոր կրակը խորհդանշել է արևի պաշտամունքը: Թոնրի օգտագործումը հանդիպում է մի շարք ժողովուրդների մոտ, սակայն հայկական թոնրի առանձնահատկությունը նրա գետնափոր լինելու մեջ է: Հաց և, մասնավորապես, լավաշ թխելու վայրը համարվում էր թոնրատունը, որտեղ էլ հենց գտնվում էր թոնիրը: Այն համարվում էր սուրբ վայր: Թոնիրը միշտ պետք էր մաքուր պահել:

Թոնրի շուրջ արգելվում էին վատ բառերն ու հայհոյանքները: Թոնիրն առանցքային նշանակություն ուներ, քանի որ այնտեղ էր թխվում ընտանիքի գոյատևման հիմնական երաշխիքը՝ հացը: Թոնրատունը նույնպես կառուցվել է տան ամենակարևոր, առանցքային մասում՝ գմբեթավոր տանիքի և երդիկի տակ: Նման կառույցները կոչվում էին հազարաշեն:

Առաստաղի նման կառուցվածքն ու երդիկն օգնում էին, որպեսզի ծուխն ավելի հեշտությամբ դուրս գար թոնրից: Թոնրում հացից բացի պատրասվում էին նաև գաթա, ղափամա, հարիսա և այլ կերակրատեսակներ: Թոնրի կրակի շուրջ են պատմվել նաև մի շարք հեքիաթներ և ավանդազրույցներ: Հնում, երբ հաց թխելու արարողությունն ավարտվում էր, իսկ թոնրի մեջ դեռ պահպանվում էր կրակի ջերմությունը, տան անդամները հավաքվում և նստում էին թոնրի շուրջ՝ ոտքերը կախելով թոնրի մեջ:

Սա ժողովրդական լեզվով կոչվում էր «քուրսի նստել», որը նաև բուժում էր հիվանդներին: Այդ ընթացքում տան տարիքով ամենամեծը հեքիաթներ և տարբեր զրույցներ էր պատմում տարիքով ավելի երիտասարդներին:

Թոնիրն այնքան սուրբ վայր էր համարվում, որ այն բնակավայրերում, որտեղ եկեղեցի չկար, և պսակ կատարելու արարողություն էր լինում՝ զույգերը պսակադրվում էին թոնրի շուրջ: Հարսն ու փեսան ձեռք ձեռքի տված պտտվում էին թոնրի շուրջ: Այս ամենից հետո աղջիկն իր հոր տան թոնրից մի բուռ մոխիր էր վերցնում և բերում լցնում տղայի տան թոնրի մեջ: Այսպիսով նա մինչև մահ իրեն կապում էր տղայի օջախի հետ:

Այս ամենը, ինչպես նաև ՝«Թոնրի առասպելը, Լավաշի առասպելը, Կախարդական լավաշը» մասին կարող եք կարդալ այս հղումով։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s