Հեռավար աշխատանք Թվաբանություն 19․06

Սեմյոն Սոլովեյչիկ
ՀՈԳԱՏԱՐ ԵՐԵԽԱՆԵ՞Ր

Խմբագրել.

Ընտանեկան սովորական իրավիճակ է:
– Կոլյա’, հացի’ գնա:
– Հիմա:
– Կոլյա’, հացի գնա’:
– Դե, հիմա, էլի’:
– Կոլյա, քանի՞ անգամ ասեմ:
Կոլյան փողը, պայուսակը վերցնում ու գնում է խանութ: Նա դա անում է ամեն օր, դա նրա ՙընտանեկան պարտականությունն է՚, ինչը գովերգվում է բոլոր մանկավարժական գրքերում (ՙԵրեխաները պետք է մշտական ընտանեկան պարտականություններ ունենան՚), բայց ամեն օր լավ մշակված տեսարանը կրկնվում է բացարձակորեն միանման` սյուժեն, հնչերանգը, դիմախաղը և նույնիսկ որդու քայլվածքը` հատուկ մշակված քայլվածք, որը կարծես արտահայտում է. ՙՈ¯նց եք ինձ բոլորդ զզվեցրել՚: Եթե մայրը մի օր դուրս գա իր դերից և Կոլյային չհիշեցնի ՙընտանեկան պարտականությունները՚, նա իսկի չի էլ մտածի խանութ գնալու մասին: Խանութ գնալու գործը Կոլյայինն է, իսկ Կոլյայի աշխատանքի մասին հոգսը` մայրիկինը:

Իսկ դպրոցակա՞ն գործերը: Իրականում սովորողը` դպրոց գնացողը, դաս սովորողը, որդին է, բայց ո՞վ է մտածում, թե դաս սովորելու ժամանակն է, թե արդեն դպրոց գնալու ժամանակն է, թե չէ ուշացումն անխուսափելի է: Մայրը: Նա է համառություն ցուցաբերում և որդուն ստիպում դպրոցն ավարտել, հետո աշխատանք գտնելուն ու մասնագիտություն ստանալուն է օգնում. ամեն ինչ նա է անում, և հենց այս հոգսերի հետ է մշակվում ամուր բնավորությունը:

Երբեմն չենք էլ նկատում, որ բնավորությունը դաստիարակում է ոչ այնքան աշխատանքը, իրական գործողությունը, որքան դրա մասին հոգալը, դա կատարելու սեփական ձգտումը:

Երբ կարդում ենք, թե դպրոցականներն իրենց ձեռքերով մարզադաշտ են կառուցել կամ վերասարքավորել են ֆիզիկայի կաբինետը, ձեռնպահ մնանք հիանալուց: Հասկանալի է, որ աշխատանքը կոփում է մարդուն, ունակություններ ձևավորում, բայց նրա գլխավոր դաստիարակչական արժեքը դա չէ: Գլխավոր հարցն այն է, թե ո՞ւմ խնդիրն է եղել մարզադաշտ կառուցելը կամ կաբինետ վերասարքավորելը: Ո՞վ է նախագծել, ո՞վ է առավոտներն արթնացել սպասվող աշխատանքի մասին մտածելով: Դպրոցի տնօրե՞նը: Ուսուցի՞չը: Թե՞ իրենք` երեխաները: Ով խնդիր դրեց, նա էլ բնավորություն ցուցաբերեց, նա էլ աշխատանքի ավարտից հետո լրիվ բավարարվածություն ստացավ, իրականում նա և միայն նա էլ դաստիարակվեց: Ցանկացած աշխատանք դաստիարակում է, բայց պետք է հստակել, թե ո’ւմ:

Ինքներս հիմնականում այնպիսի պայմաններում ենք մեծացել, որ, բնականաբար, հազար ու մի հոգս էր ընկնում մեր գլխին: Մեզանից ոմանք 12-13 տարեկանում արդեն զբաղվում էին տնտեսությամբ, 14 տարեկանում աշխատում էին գործարանում: Եվ շատ լավ գիտենք, թե դժվար պայմաններում ինչպես պետք է երեխաներին դաստիարակել. կարելի է ասել, այդպիսի դաստիարակության բազմադարյան փորձ ունենք:

Բայց ինչպե՞ս երեխաներին դաստիարակենք բարօրության պայմաններում:
Այստեղ քիչ փորձ ունենք և պետք է շատ զգույշ լինենք կարծիք արտահայտելիս և գործողության դիմելիս: Ամենաքիչը օգտակար կլինեն երեխաների հաշվին մանկավարժական անվստահությունից ազատվելու փորձերը. ՙԱմեն ինչ կա… Միայն թռչնի կաթն է պակաս… Ա’յ, ես առաջին կոստյումս գնել եմ երեսուն տարեկանում… ՚: Բայց երեխաները բացարձակապես մեղավոր չեն, որ իրենք ՙամեն ինչ ունեն՚, ինչպես և մեղավոր չեն, որ մենք ՙոչինչ չենք ունեցել՚: Երեխաները նույնիսկ չեն կարող գնահատել այն, ինչը նրանց տրվում է, քանի որ գնահատել կնշանակի համեմատել, իսկ համեմատելու համար նրանք ոչինչ չունեն: Միևնույն ժամանակ, եթե երեխաներին ամեն ինչ տալիս ենք, բայց մոռանում ենք տալ այն հնարավորությունը, որն ունեցել ենք և որով հիմա այդպես հպարտանում ենք` հոգ տանելու հնարավորությունը, ապա երեխաներն իրավացիորեն կարող են իրենց զրկված համարել, ինչպիսի շքեղությամբ էլ որ շրջապատված լինեն:

Հիշենք Մակարենկոյին: Նա երեխաներին այնպիսի հոգածությամբ էր շրջապատում, որ նրանք կյանքում չէին տեսել, բայց միևնույն ժամանակ նրանց կոլեկտիվի, նրա կյանքի և պատվի մասին հոգալու հնարավորություն էր տալիս: Ամենամեծ հոգածությունը երեխաների նկատմամբ և ուրիշների նկատմամբ հոգ տանելու ամենամեծ հնարավորության ընձեռում. թերևս սա է իդեալական դաստիարակությունը: Բայց ինչպե՞ս հասնենք այդ մակարդակին:

Գլխավոր դժվարությունն այն է, որ հոգածությունը ներքին, սեփական մղում է, և այդ պատճառով հնարավոր չէ այն փոխարինել որևէ տեսակի արտաքին հարկադրանքով: Կարելի է երեխային ստիպել, որ դասերը սովորի, բայց ինչպե՞ս ստիպես, որ իր դասերի նկատմամբ հոգածություն ցուցաբերի: Ստիպելը հենց նշանակում է հոգածությունը հանել, և ինչքան շատ ենք ստիպում, այնքան ավելի վատ արդյունքների ենք հասնում, չնայած արտաքուստ կարծես թե ոչինչ, երեխան սովորում է: Կյանքի շատ հանգամանքներում համեմատաբար կանոնավոր գործող դաստիարակության սովորական և հեշտ միջոցները` հանդիմանանք, նախատինք, հոգածության դաստիարակման հարցում բոլորովին անպետք են:

Ամենապարզ դիտարկման միջոցով էլ կարելի է տեսնել, որ ցանկացած գործ որոշակի հոգածության կարիք ունի: Միգուցե արժե՞, որ ֆիզիկայի հայտնի պահպանության օրենքներին մեկն էլ կեսկատակ ավելացնենք` հոգածության ծավալի պահպանության օրենքը: Հարկ չկա, որ ամբողջ ընտանիքն առավոտվանից մտածի, ասենք, խանութ կամ լվացքատուն գնալու մասին: Այդ անհրաժեշտ գործը պահանջում է հոգածության ոչ մեծ, բայց որոշակի ծավալ: Եթե խանութի մասին հոգ է տանում մայրը, ապա որդին կամ դուստրը այդ մասին հոգ չեն տանի, որքան էլ որ նրանց մեղադրենք անսրտության մեջ: Եթե մայրը որդու դաս սովորելու հոգսն իր վրա է վերցնում, նա մեքենայորեն որդուն ազատում է այդ դրանից. որդին բոլորովին էլ դասագրքերին ձեռք չի տա, մինչև չհնչի մոր խիստ հիշեցումն այդ մասին: ՙՏնային հանձնարարություններ՚ աշխատանքի համար, ինչպես և աշխարհում ցանկացած աշխատանքի համար, անհրաժեշտ է հոգածության որոշակի ծավալ, և, երբ ծնողներն այդ ծավալի մի մասը վերցնում են իրենց վրա, ճիշտ այդքանով պակասում է երեխայի մասը: Չափից դուրս հոգատար ծնողները երեխաներից խլում են ամբողջ հոգսը` մինչև վերջին կաթիլը, և ՙանհոգ՚ մանկությունը համարյա դժբախտություն է դառնում թեկուզ այն պատճառով, որ ուժասպառ ծնողների համար դժվար է լինում հանդիմանանքը զսպելը: Բոլոր հոգսերի անհագ սեփականումը էգոիզմի մյուս տեսակներից տարբերվում է նրանով, որ մարդուն տոգորում է այն գիտակցությամբ, թե հենց ինքն է այլախոհը:

ՙԵթե երեխայիս չհիշեցնեմ դասերի մասին, ինքնուրույն ոչ մի դեպքում չի սովորի, – այսպես են սովորաբար ասում: – Երեկ տանը չէի, և խնդրեմ, ամբողջ օրը թռվռացել է՚:

Բայց թռվռացել է հենց այն պատճառով, որ վարժված է ստիպելուն: Այստեղ խառնվել են պատճառը և հետևանքը: Հոգածությունը միանգամից, մի օրում չի առաջանում, այն պետք է աստիճանաբար հասունանա, և անպայման կհասունանա, եթե զինվենք համբերությամբ և հոգածության այդ աննկատ ընթացող և հաճախ հոգնեցուցիչ դանդաղ աճը չընդհատենք, եթե չնմանվենք այն երեխային, որը սերմ է ցանում և ամեն րոպե հանում է, որ տեսնի, թե ծիլը չի՞ հայտվել…

Իհարկե, եթե ցանկանում ենք հոգածություն աճեցնել, պետք է պատրաստ լինենք, որ երեխան սկզբում անցնի մեծ դժվարությունների ու անախորժությունների միջով: Միայն մեծերի հսկողությամբ դաս սովորելուն վարժված երեխան, հանկարծ զրկվելով այդ հսկողությունից, անպայման վատ թվանշաններ կստանա: Հավատանք մեր որդուն, դժվարությունները հաղթահարելու նրա կարողությանը, հավատանք դպրոցին, լինենք համբերատար, և ինքնուրույն հոգածությունը անպայման կհայտնվի:

Ցավոք, հաճախ, դպրոցն է երեխային ներշնչում, թե ուսուցումը ոչ թե երեխաների, այլ ծնողների հոգսն է: Ամեն առիթով, մի բան չեղած` բողոքում են ծնողներին, գրառում անում օրագրում, ծնողին դպրոց կանչում: Երեխան աստիճանաբար կարծիք է կազմում, որ իր գործերը վերաբերում են ում ասես` ուսուցչին, տնօրենին, մայրիկին, հայրիկին, բայց ոչ իրեն:

Արդյո՞ք դա ճիշտ է: Դա՞ է արդյոք մանկավարժությունը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի խնդիրն այսպես ձևակերպել` դու ես սովորում, դու էլ քո գործերն արա ու անախորժություններից գլո’ւխ հանիր, եթե դրանք առաջանում են, ի’նքդ կարողացիր ազատվել դրանցից: Մենք սովոր ենք, որ երեխաներին պետք է հսկել: Բայց հսկելը չի ենթադրում ազատել հոգածությունից: Խելամիտ հսկողությունը հենց պետք է բարձրացնի պատասխանատվությունը, այլ ոչ թե իջեցնի, պետք է օգնի սովորելուն, ոչ թե խանգարի:

Ինչ վերաբերում է դպրոցական հոգսերին, դրանք ոչ մեկին տալ չի կարելի: Ընտանեկան հարցերի պարագայում ամեն ինչ ուրիշ կերպ է:

Իմ ջոկատում գործերը շատ թե քիչ լավ էին, միայն մի դժվարություն կար` տարածքը մաքրելը: Իմ տասնմեկամյա տղաները բոլորովին չէին սիրում այդ գործը: Ամբողջ ջոկատով օրական համարյա մի ժամ, միմյանց վրա զայրանալով, ավլում ու հավաքում էինք թղթերը, բայց դա աշխատանք չէր, այլ տանջանք: Մի անգամ տեսա, թե ինչպես հարևան` ավագ տղաների ջոկատի ղեկավարը` Տանյա Գավրիլուշկինան, հանգստի ժամին վերցրեց ավելը և 10 րոպեում մաքրեց իրենց ջոկատի տնակների շրջակայքը: Մենակ: Ինքը: Առանց երեխաների: Սկզբում սարսափեցի. տասնվեց տարեկան էի և մանկավարժության մասին ավելի հստակ պատկերացումներ ունեի, քան հիմա. ՙԱխր, դա բոլոր կանոններին դեմ է: Ախր դա… Բա աշխատասիրություն դաստիարակե՞լը՚: Եվ այսպես, մինչ ես երեխաների հետ վիճելով ու կռվելով, աշխատասիրություն էի դաստիարակում, Տանյան հանգիստ ավլում էր իրենց տնակների շրջակայքը: Բայց շուտով պարզվեց, որ հենց ի’մ երեխաներին է դժվար աշխատեցնելը, իսկ Տանյայի երեխաներն առաջինն էին և’ կոլտնտեսության դաշտերում, և’ այգիներում, նրանք ձգտում էին Տանյային ազատել հոգսերից: Տանյան չէր նրանց համոզում, որ ավլեն, նրանք էին Տանյային խնդրում, որ չզբաղվի մաքրելու աշխատանքով, նրանք տնակը զարմանալի մաքուր էին պահում: Ավելի ուշ հասկացա, որ ինչ-որ վերացական դաստիարակության գաղափարի համար երեխաներին աշխատել ստիպելը կնշանակի խախտել հարաբերությունների բնականությունը և կեղծիք մտցնել, խաթարել այն մանկավարժությունը, հանուն որի այդ գործողությունները կատարվում են: Ինչը կարող ես ինքդ հանգիստ անել, պետք է անես, առանց անհանգստանալու դաստիարակության մասին: Աշխատանքը ստանձնելու այդ ձգտումն աննկատ չի մնա, կփոխանցվի երեխաներին:

Ընդհանրապես, լավ ընտանիքում ոչ մեկը մյուսին չի դաստիարակում. բոլորն ապրում են համերաշխ, յուրաքանչյուրը ձգտում է ավելի շատ աշխատանք կատարել, ահա և ամբողջ մանկավարժությունը: Երեխաներին ուղղված ՙծառայությունների բյուրոն՚ տարիների ընթացքում փոքրացնում է գործունեությունը, և կամաց-կամաց ծավալվում է երեխաների կողմից մեծերին մատուցվող ՙծառայությունների ոլորտը՚: Այստեղ ոչ մի խնդիր չկա, այստեղ իրենք իրենց զարգանում են հոգատարությունը և այն թանկարժեք նրբանկատությունը, որ բնորոշ են իսկապես դաստիարակված մարդուն. երբեք, ոչ մի պարագայում ուրիշին անհանգստություն չպատճառել, դժվարություններ չստեղծել նրանց կյանքում. սեփական անձի նկատմամբ հոգատարություն չպահանջել և անընդհատ ձգտել թեթևացնել շրջապատողների կյանքը:

Հոգատարությունը չի կարելի պահանջել ո’չ երեխաներից, ո’չ ուրիշ մեկից: Պահանջով հոգատարությունը դադարում է բառի իսկական իմաստով հոգատարություն լինելուց: Հոգատարությունը կարելի է միայն ցուցաբերել, և համբերատար, հույսով ու հավատով սպասել, որ երեխաներն էլ կսովորեն դրսևորել: Եթե, չնայած մեր ցուցաբերած հոգատարությանը, երեխաներն անշնորհակալ լինեն, կնշանակի ինչ-որ տեղ սայթաքել ենք: Հնարավոր է` ինչ-որ ժամանակ պակասել է մեր շռայլությունը կամ համբերությունը, և ընտանիք ենք ներմուծել չարչիական հաշվարկ. ՙԵս քո պատճառով գիշերները չեմ քնում, իսկ դու …՚: Մտաբերենք` չի՞ եղել այդպիսի օր, այդպիսի պահ:

Եթե սովորենք դաստիարակել այնպիսի երեխաներ, որոնք կարող են հոգ տանել իրենց դպրոցական և մյուս գործերի մասին, հոգածություն ցուցաբերեն փոքրերի և մեծերի նկատմամբ, կարելի է ասել, որ դաստիարակության բոլոր կամ համարյա բոլոր խնդիրները լուծված կլինեն:

Ինչ վերաբերում է անհոգ մանկությանը և խաղաղ պատանեկությանը, ապա, երբ երեխաները մեծանան, նրանք մանկությունը և պատանեկությունը հենց այդպես էլ կհիշեն` երջանիկ:

Հեղինակի եզրակացությունները և իմ մեկնաբանությունները.

✓Երբեմն չենք էլ նկատում, որ բնավորությունը դաստիարակում է ոչ այնքան աշխատանքը, իրական գործողությունը, որքան դրա մասին հոգալը, դա կատարելու սեփական ձգտումը:

Մարդը պետք է ցանկություն ունենա որևէ աշխատանք կատարելու համար, ոչ թե ավտոմատացված կերպով ուղղակի կատարի այն։ Այդպես ոչ ոք հաճույք չի ստանա։

✓Ով խնդիր դրեց, նա էլ բնավորություն ցուցաբերեց, նա էլ աշխատանքի ավարտից հետո լրիվ բավարարվածություն ստացավ, իրականում նա և միայն նա էլ դաստիարակվեց: Ցանկացած աշխատանք դաստիարակում է, բայց պետք է հստակել, թե ո’ւմ:

Ասում են ինչ ցանես, այն էլ կհնձես- դա եկավ միանգամից մտքիս։

✓Երեխաները նույնիսկ չեն կարող գնահատել այն, ինչը նրանց տրվում է, քանի որ գնահատել կնշանակի համեմատել, իսկ համեմատելու համար նրանք ոչինչ չունեն: Միևնույն ժամանակ, եթե երեխաներին ամեն ինչ տալիս ենք, բայց մոռանում ենք տալ այն հնարավորությունը, որն ունեցել ենք և որով հիմա այդպես հպարտանում ենք` հոգ տանելու հնարավորությունը, ապա երեխաներն իրավացիորեն կարող են իրենց զրկված համարել, ինչպիսի շքեղությամբ էլ որ շրջապատված լինեն:

Հոգեբաններն ասում են եթե ուզում ես երեխան երջանիկ մեծանա, ապա ծախսիր քիչ գումար, դրա փոխարեն շատ ժամանակ հատկացրու փոքրիկին։ Եվ իսկապես, ում են պետք շատ ու շատ շքեղ խաղալիքներ, եթե նա պիտի մենակ խաղա։ Շատ ծնողներ ասում են դե տես որքան խաղալիք ենք գնել, քեզ համար ենք աշխատում, իսկ դու չես գնահատում։ Իրականում երեխան դրսում գտած մի փայտով խաղալիս ավելի երջանիկ կլինի,քանի որ խաղում է իր հետ մայրն ու հայրը։

✓Գլխավոր դժվարությունն այն է, որ հոգածությունը ներքին, սեփական մղում է, և այդ պատճառով հնարավոր չէ այն փոխարինել որևէ տեսակի արտաքին հարկադրանքով:

Համամիտ եմ, դրա համար էլ շատ երկար է տևում հոգածությունն ամրապնդելը։

✓Հարկ չկա, որ ամբողջ ընտանիքն առավոտվանից մտածի, ասենք, խանութ կամ լվացքատուն գնալու մասին: Այդ անհրաժեշտ գործը պահանջում է հոգածության ոչ մեծ, բայց որոշակի ծավալ: Եթե խանութի մասին հոգ է տանում մայրը, ապա որդին կամ դուստրը այդ մասին հոգ չեն տանի, որքան էլ որ նրանց մեղադրենք անսրտության մեջ: Եթե մայրը որդու դաս սովորելու հոգսն իր վրա է վերցնում, նա մեքենայորեն որդուն ազատում է այդ դրանից. որդին բոլորովին էլ դասագրքերին ձեռք չի տա, մինչև չհնչի մոր խիստ հիշեցումն այդ մասին:

Հետաքրքիր դիտարկում է, մինչ կարդալս ռեֆլեքսորեն էդպես էլ վարվել եմ, չիմանալով այս վարկածի մասին։ Եթե օրինակ 4 տարեկան ինքնուրույն երեխային մայրը կերակրում է, ապա նա ինքնուրույն չի էլ ձգտի փորձել ուտել։ Կամ մանկապարտեզում ինքնուրույն կուտի,իսկ տանը միայն մայրը կկերակրի։ Նման օրինակները անթիվ են, ցավոք։

✓Հոգածությունը միանգամից, մի օրում չի առաջանում, այն պետք է աստիճանաբար հասունանա, և անպայման կհասունանա, եթե զինվենք համբերությամբ և հոգածության այդ աննկատ ընթացող և հաճախ հոգնեցուցիչ դանդաղ աճը չընդհատենք, եթե չնմանվենք այն երեխային, որը սերմ է ցանում և ամեն րոպե հանում է, որ տեսնի, թե ծիլը չի՞ հայտվել…

Պետք է երեխան նմանօրինակ մարդկանցով շրջապատված լինի ու ձգտի դեպի հոգածությունը ։ Մեզ էլ մնում է միայն հավատալ,սպասել ու ուժ տալ։

✓Ընդհանրապես, լավ ընտանիքում ոչ մեկը մյուսին չի դաստիարակում. բոլորն ապրում են համերաշխ, յուրաքանչյուրը ձգտում է ավելի շատ աշխատանք կատարել, ահա և ամբողջ մանկավարժությունը:

Կատարյալ ընտանիքի պատկեր է,սակայն քիչ հանդիպող, որովհետև մարդիկ տարբեր են, իրենց դրական և բացասական կողմերով։ Իմ կարծիքով յուրաքանչյուր ընտանիքի իդեալը տարբեր է։

✓Եթե սովորենք դաստիարակել այնպիսի երեխաներ, որոնք կարող են հոգ տանել իրենց դպրոցական և մյուս գործերի մասին, հոգածություն ցուցաբերեն փոքրերի և մեծերի նկատմամբ, կարելի է ասել, որ դաստիարակության բոլոր կամ համարյա բոլոր խնդիրները լուծված կլինեն:

Դրա համար մեծ ջանք է պետք կատարել առաջին հերթին յուրաքանչյուրս մեզ վրա, հետո նոր երեխաների։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s